2838 դիտում
15:51 01-09-2020
Արդարացման դատական ակտերի մասով երդվյալների դատարանը գրեթե անփոխարինելի է․ Հովհաննես Քոչարյան․ Lragir.am
[url=https://www.lragir.am/2020/08/31/575262/?fbclid=IwAR1qVKdQrVtn3FkJn9lQLDpgtJ3nCNRrbVhXPXe5yFHtaEVJH8ox5bZLlgk]Lragir.am[/url]-ի հարցերին պատասխանել է փաստաբան, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը
[b]Պարոն Քոչարյան, ճի՞շտ որոշում է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորելն ու Գերագույն դատարան ստեղծելը։ Դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները կլուծվե՞ն դրա արդյունքում։[/b]
Նախ պետք է հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում՝ ասելով «դատական համակարգի առաջ ծառացած խնդիր»։ Եթե նկատի ունենք արդարադատության, գործերի քննության որակը, հանրային վստահության ամրապնդումը, ապա, բնականաբար, նման ինստիտուցիոնալ տեղաշարժերը որևէ երաշխիք չեն տալիս, որ մենք կունենանք բովանդակային փոփոխություններ։ Այսինքն՝ ձևի փոփոխությունը միշտ չէ, որ բերում է բովանդակության փոփոխության։ Հետևաբար, եթե որակի մասին է խոսք գնում, ուրեմն այստեղ ոչ մի երաշխիք չկա, և անձամբ ես որևէ նպատակահարմարություն չեմ տեսնում։ Իսկ եթե այլ խնդիրների մասին է խոսք գնում, ապա արդեն պետք է տեսնենք, թե դրա հեղինակները ոնց են հիմնավորում այդ դատարանների միավորումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։ Անձամբ ես այն կարծիքին եմ, որ եթե արդարադատության որակի փոփոխություն չի լինելու, ուրեմն մնացած փոփոխություններն այս պահին այլևս կարևոր չեն, նույնիսկ երկրորդական են։
[b]Իսկ ձեր նշած որակի փոփոխության համար ի՞նչ պետք է անել։[/b]
Որակի փոփոխությանը հնարավոր է հասնել երկու ճանապարհով։ Առաջինը, պետք է քրեական դատավարության ոլորտում վերացնել իրավակիրառ պրակտիկայի արատները, այսինքն՝ բոլոր արատավոր երևույթները, որոնք ոչ ճիշտ իրավակիրառման արդյունք են։ Պետք է գույքագրել, ամփոփել, վերլուծել, հասկանալ պատճառները և գնալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով։ Իմ կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունների շեշտը պետք է դրվի իրավահավասարության սկզբունքի մեխանիզմների կատարելագործման վրա։ Եվ մեղադրական իշխանությանը պետք է դատարանում կարողանա պատշաճ դիմակայել պաշտպանական կողմը՝ ունենալով հավասար հնարավորություններ նախքննական մարմնի, դատախազի նկատմամբ։ Այդ հավասարությունն օրենսդրորեն հռչակված է, բայց գործնականում մենք չունենք ռեալ մեխանիզմներ՝ այդ ռեալ հավասարությունն ապահովելու։
[b]Խոսքը մեղադրյալի ու նրա պաշտպանների մասի՞ն է։[/b]
Այո։ Տեսեք՝ այսօր խնդիրը որն է։ Եթե մարդն այսօր ամբաստանյալ է, նա մեն- մենակ կանգնում է մի ամբողջ ապարատի առաջ, որն ունի ռեսուրսներ, և միակ երաշխիքը, որ նրա նկատմամբ կարելի է շարժվել օրենքով, դա ռեալ մրցակցության ստեղծումն է։ Չի կարելի դատավորների վրա անընդհատ գերմարդկանց բնորոշ հատկանիշներ դնել, որ նա պետք է լինի անկաշառ, արդար, չի լինում այդպես։ Դրա համար մենք պետք է գնանք ինստիտուտների կատարելագործման ուղղությամբ։ Երբ ինձ հարցնում եք՝ ո՞նց կարելի է արդարադատության ոլորտում հասնել արդարության, ես կասեմ՝ հնավորինս մեծացնելով մրցակցությունը։ Եվ այսօր արդեն պատեհ ժամն է, որպեսզի մեր նոր ու ժողովրդավարական իշխանությունները ծավալեն նոր դիսկուրս՝ պետական իշխանությունից անկախ երդվյալների դատարան ստեղծելու համար։ Դատարան, որն իրապես անկախ է պետական իշխանությունից։
Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ արդարացման դատական ակտերի մասով անկախ երդվյալների դատարանը գրեթե անփոխարինելի է։ Այսօր քրեական գործերով 1-2 տոկոս դեպքերում են մարդիկ արդարացվում մեզ մոտ։ Լավ, թող լինի 3 տոկոս։ Այսինքն՝ ստացվում է, որ մեղադրական իշխանությունը 97 տոկոսով անվրե՞պ է աշխատում։ Այդ ի՞նչ թվեր ենք վերցրել, դա նորմալ չէ։ Այդ դեպքում ուրեմն պետք է ընդունենք, որ նախաքննության մարմիններն աշխատում են իդեալական, պետք է ընդունենք, որ դատախազներն աշխատում են անսխալական, և 97 տոկոսանոց արդյունավետություն ունենք։ Բայց չէ՞ որ հասարակությունը բավարարված չէ այդ 97 տոկոսանոց ցուցանիշից, և անընդհատ դժգոհություններ կան։ Պետք է այնպես անել, որ հասարակությունը նախ հավատա դատական իշխանության անկախությանը։ Կարելի է հեղափոխական քայլեր անել և սկսել դիսկուրս այդ հարցի շուրջ։ Չի կարելի ասել՝ փոքր երկիր ենք, փոքր ժողովուրդ ենք։
[b]Ի՞նչ է փոխելու այդ դատարանը։[/b]
Դա տարբերվում է նրանով, որ մեղավորության հարցի լուծումը ոչ թե դատավորն է որոշում, այլ մեզ պես սովորական քաղաքացիները, ովքեր երդվյալների դատարանում որպես ատենակալներ են։ Այսինքն՝ սա այն դատարանն է, որտեղ նման գործերով որոշում կայացնելու հնարավորություն տրվում է սովորական քաղաքացիներին, որոնց վրա ճնշում գործադրելն ուղղակի անիմաստ է։
[b]Ի՞նչ է ցույց տալիս աշխարհը փորձը, Հայաստանի նման երկրներում երդվյալների դատարանի փորձը կաշխատի՞։[/b]
Երդվյալների դատարանը անցումային, հեղափոխությամբ նոր իրավակարգ ունեցող երկրներին է ավելի շատ պետք, որպեսզի վստահության ամրապնդման խնդիրը լուծվի։ Մենք հիմա մտել ենք մի փակուղի, անվստահության մթնոլորտ է, վեթինգ, սևեր ու սպիտակներ․․․ Այդ խնդիրը երբեք իր լուծումը չի ստանա, եթե մենք ճիշտ ինստիտուցիոնալ լուծումներ չառաջարկենք։ Երդվյալների դատարանը ինստիտուտ է, որը 19-րդ դարում նույնիսկ ճորտատիրական Ռուսաստանում կայացավ, ուր մնաց Հայաստանում 21-րդ դարում չկայանա։ Վերջին հաշվով մարդկությունը փորձ է կուտակել, մեր հարևան Վրաստանը, Ռուսաստանն այս ինստիտուտները ներդրել են։ Կան դեմ ու կողմ կարծիքներ, բայց խոշոր հաշվով այդ երկրներում արդարացումների թիվը մեծ է՝ 20-25 տոկոս։ Պետք է գնանք այս լուծումների ճանապարհով, արդարության հաստատման որակը ինստիտուտների վերաձևելուց, գումարելուց ու հանելուց, բազմապատկելուց չես ապահովելու, եթե դու ռեալ մեխանիզմներ չես հաստատում՝ դատական ատյանում իրավահավասար պայմաններում պաշտպանվելու և ապացուցման պրոցեսին որպես իրավահավասար սուբյեկտ ներգրավվելու համար։ Փոխանակ մենք այսօր այս հարցերի շուրջ մտնենք բանավեճի մեջ, զբաղված ենք ինչ-որ դատարաններ միավորելով ու անջատելով։
Մանրամասն՝ [url=https://www.lragir.am/2020/08/31/575262/?fbclid=IwAR1qVKdQrVtn3FkJn9lQLDpgtJ3nCNRrbVhXPXe5yFHtaEVJH8ox5bZLlgk]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
13:38 07-02-2017
ՀՀ դատական դեպարտամենտն ամփոփել է 2016 թ-ին ՀՀ դատարանների կայացրած արդարացման դատական ակտերի պրակտիկան