211652_close_icon
views-count102341 դիտում article-date 12:49 01-09-2020

Արտակարգ իրավիճակ Երևանում․ մայրաքաղաքում դարն ապրած վերելակներն, անգամ, իրենց հանգստի հաշվին վերանորոգող աշխատակիցները չգիտեն՝ ում կողմից են «քցվել»․պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 1-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում գործող «Ռաֆայել Գրիգ» ՍՊԸ-ի վարչական շենքի դիմաց են հավաքվել 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են իրենց կատարած աշխատանքի դիմաց գումարները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մոտ 2 ամիս է՝ մայրաքաղաքում սկսել ենք իրականացնել վերելակների կապիտալ վերանորոգում և մեծ մասն էլ հին, դարն ապրած վերելակները փոխել ենք նորով։ Անգամ՝ մեր հաշվին աշխատել ենք շաբաթ-կիրակի օրերին, հաշվի առնելով մեր ժողովրդի վիճակը, որ ինչքան շուտ բնակիչները ունենան նոր վերելակներ, այնքան լավ։ Նմանատիպ աշխատանքներ ենք կատարել մայրաքաղաքի Շենգավիթ, Էրեբունի, Ավան և Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Անգամ այդ բարձրահարկ շենքերի բնակիչները մեզ գովեստի խոսքեր էին ուղղում, ասելով՝ «շաբաթ-կիրակի կարաք հանգստանաք, բայց էդ օրերին էլ եք աշխատում»։ Ամենացավալին այն է, որ հիմա 200-ից ավելի աշխատակիցներով հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Դիմում ենք Ռաֆայել Գրիգորյանին մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձները ստանալու համար, նա մեզ ուղղորդում է Երևանի քաղաքապետարան։ Լրիվ հայտնվել ենք քաղաքապետ Հայկ Մարությանի սկեչներից մեկում։ էն որ ասում էր՝ «պարսերով ապեր, պասերով»։ Հիմա իրար պաս են տալիս, իսկ մենք չգիտենք՝ ոնց ենք փակելու մեր վարկերը։ Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հորդորում է, որ համավարակի այս օրերին պահպանենք սանիտարահիգիենիկ պայմանները։ Եթե աշխատավարձները չենք ստացել, ո՞նց ենք կոմունալները մուծելու։ Իսկ էդ կոմունալի մեջ մտնում է ջուր, էլեկտրականություն և այլն։ Եթե «Երևան Ջուրը» պարտքի համար ջուրը կտրի, Երևանի քաղաքապետարա՞նն է մեզ ջուր տալու, թե՞ Ռաֆայել Գրիգորյանը։ Ուզում ենք՝ հարցի լուծմանը ընթացք տա Կառավարությունը, որովհետև մենք, հավատալով Կառավարությանը, շատերի նման չենք արտագաղթել։ Էստեղ հավաքվածներս ենք, որ վերելակների տեղադրման ու վերանորոգման մասնագետներ ենք։ Եթե մեզ էլ խաբեցիք, ու մենք հիասթափվեցինք, հետաքրքիր է՝ կոմունալի պե՞տն է 10-12-14 հարկերի վերելակների նորոգմամբ զբաղվելու։ Իհարկե, ո՛չ։ Պարզապես խնդրում ենք, որպեսզի կարճ ժամանակում մեր վաստակած գումարները վճարեն։ Հակառակ դեպքում կարանք մտածենք, որ նախորդներից դուք էլ չեք տարբերվում, հայտնի ֆիլմի Հարութին Զիմզիմովի նման՝ «դիփունքդ խափում իք»»։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ակցիայի մասնակիցները պատրաստվում են գնալ Երևանի քաղաքապետարան, վերջնական պարզեն՝ քաղաքապետարա՞նն է ստում, թե՞ ՍՊԸ-ի տնօրինությունը։ Ու ուզում են դեմ առ դեմ քաղաքապետին ասեն․ «էդ որ՝ ոգևորված եկաք, մեր կողմից տեղադրված վերելակի կնոպկին սեղմեցիր ու վայրկյանների ընթացքում անվտանգ բարձացար ամենավերջին հարկ, բա էդ ժամանակ մտքովդ չանցա՞վ, էս մարդիկ նույնիսկ շաբաթ-կիրակի օրով են աշխատել։ Էս մարդկանց գումարները գերմանական ճշտապահությամբ պետք է տրվի»։ Հուսով ենք, որ քաղաքապետարանը, հանձինս քաղաքապետ Հ Մարությանի՝ 1-2 օրվա ընթացքում խնդիրը կլուծեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր