«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման նախաձեռնությամբ Սևանում կանցկացվի էկոերթ
Վաղը՝ օգոստոսի 30-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման նախաձեռնությամբ Սևանում կանցկացվի էկոերթ՝ Սևանա լճի ափամերձ տարածքներում դիտարկումներ կատարելու և տվյալներ հավաքագրելու համար:
Էկոերթի ընթացքում նախատեսվում է դիտարկել Սևանի ափամերձ տարածքներում կենսազանգվածի մաքրման աշխատանքները և Սևան թափվող կոյուղաջրերի առաջացնող խնդիրները, ինչպես նաև գտնել և գրանցել լճի վրա առավել բացասական ազդեցություններով հարուստ օջախները:
Էկոերթի մասնակցներից ձևավորված աշխատանքային խմբերի կողմից իրականացվող տվյալների հավաքագրման գործընթացին կներգրավվեն նաև տեղացիները՝ հետագայում իրենց տիրապետած տեղեկությունների փոխանցման և դիտարկման համար:
«Ծրագրի նպատակն է Սևանա լճի հիմնախնդրի լուծմանն ուղղված խնդիրներն ավելի շոշափելի և առարկայական դարձնել, ինչպես նաև ներգրավվել հասարակությանը բնապահպանական խնդիրների բարձրաձայնման գործընթացներին»,- նշում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
Նշենք, որ էկոերթի ընթացքում հավաքագրված տվյալներից կստեղծվեն համապատասխան բազաներ, որոնք հետագայում կօգտագործվեն Սևանի հիմնախնդրի մասին ուսումնասիրություններում: