211652_close_icon
views-count3047 դիտում article-date 20:17 29-08-2020

Սևանա լճի ափին շինարարություն է կասեցվել

Սևանա լճի ափին շինարարություն է կասեցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սևանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։ Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի և Սևանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։ Թեև տարածքի վարձակալն ունեցել է համայնքի կողմից տրամադրված շինարարության թույլտվություն, սակայն հաշվի առնելով պարտադիր բնապահպանական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը՝ «Սևան» ազգային պարկը» համապատասխան ծանուցմամբ տեղեկացրել է շինության սեփականատիրոջն առկա անհամապատասխանության մասին։ ՇՄԱԳ փորձաքննության ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի համաձայն՝ ԲՀՊՏ֊ներում իրականացվող ցանկացած գործունեություն ենթակա է ՇՄԱԳ փորձաքննության։ Ելնելով վերոգրյալից, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով, օրենքով սահմանված կարգով շինարարությունն անհապաղ դադարեցվել է։ Այս պահին վերոհիշյալ հասցեում որևէ աշխատանք չի իրականացվում։ Համապատասխան արձանագրությունը կցված է հրապարակմանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր