211652_close_icon
views-count38314 դիտում article-date 12:55 27-08-2020

Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, բայց կարող են հայտարարվել կարանտիններ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին, որով հնարավորություն կընձեռվի այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1026014.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ օրենսդրական փաթեթը գործադիրի օգոստոսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազումը հնարավորություն տա համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, հենց այդ նկատառումներով էլ մենք մշակել ենք այս նախագծերի փաթեթը և առաջարկում ենք կատարել փոփոխություններ և լրացումներ հիմնականում երկու՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և հարակից այլ օրենքներում»,- ասաց Բադասյանը: Նախարարը նշեց, որ եթե փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները: Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում: Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինի նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը: Բադասյանը հավելեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը: Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ ուժերով: Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 270 դեպք, որոնցից 36 988-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 153 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1 938 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 200 507 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 864 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 265 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նմանատիպ նյութեր