211652_close_icon
views-count1336 դիտում article-date 17:46 25-08-2020

«Ինձ համար շատ տարօրինակ էր ռեկտորի ընտրության ձգձգումը, որի ամբողջ պատասխանատվությունը, ըստ իս, կրել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը». Խաչիկ Աբաջյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրվել Գևորգ Մուրադյանը, որի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը՝ հանդես գալով ելույթով: Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը: ՀԽ նախագահի պաշտոնում ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջադրեց ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի, իսկ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի թեկնածությունը: Սակայն վերջիններս հրաժարվեցին իրենց թեկնածություններից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջադրեց «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի թեկնածությունը: Նախքան քվեարկությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, խորհրդի անդամ Խաչիկ Աբաջյանը հանդես եկավ ելույթով՝ բացասական գնահատելով Գևորգ Մուրադյանի նախորդ պաշտոնավարման ընթացքը: Նա մասնավորապես նշեց. «2019 թ. հունվարի 22-ին տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում, երբ Գևորգ Մուրադյանն ընտրվեց խորհրդի նախագահ, նա խոստացավ, որ շարունակական հանդիպումներ է ունենալու ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ խնդիրների բարձրաձայնման և քննարկման նպատակով, ինչպես նաև մեջբերում եմ. «մի բան, որ կարող եմ խոստանալ. իմ բոլոր գործողություններն ուղղված են լինելու Երևանի պետական համալսարանի շահին»: Ավելի քան մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, քննարկման ձևաչափ ընդհանրապես տեղի չունեցավ: Նույն նիստում դրական գնահատվեց ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հաշվետվությունը, որը Գևորգ Մուրադյանի առաջարկով ընդունվեց որպես բավարար և հաստատվեց: Մոտավորապես մեկ ամիս անց՝ փետրվարի 28-ին, անհասկանալի հանգամանքներում նրա նախաձեռնությամբ գումարվեց նոր նիստ՝ Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկման համար: Որևէ խելամիտ հիմնավորում տվյալ նիստի համար չներկայացվեց, հիմնական թեզը նիստի գումարման փաստաթղթերին ծանոթանալու ժամանակի սղությունն էր, և դա էր պատճառը, որ նախորդ նիստին անվստահություն չէին հայտնել գործող ռեկտորին: Սա միանգամայն ոչ համոզիչ և հիմնազուրկ փաստարկ էր, որն ապացուցում է, որ այդ քայլը որևէ կերպ ԵՊՀ շահերից չէր բխում, ուստի ամրագրվեց օրակարգի չհաստատմամբ և նիստի չեղարկմամբ: 2019 թ. մայիսի 30-ին տեղի ունեցած նիստում, երբ քննարկվում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը, պարոն Մուրադյանը նշում էր. «խոսքն ընդամենը մի քանի ամիս կառավարչական գործառույթների մասին է, որով պետք է օպերատիվ կառավարում կատարվի, մինչև որ մենք կգանք փաստացի ռեկտորի ընտրության»: Եթե կառավարչական ոլորտի իմ գիտելիքներն ինձ չեն դավաճանում, մի քանի ամիս օպերատիվ կառավարում ասելով՝ ամենևին չէինք հասկանում 1 տարի երեք ամիս առանց որևէ ծրագրի, առանց որևէ պլանի, առանց որևէ տեսլականի, առանց որևէ չափելի արդյունքների ԵՊՀ-ի կառավարում: Ինձ համար շատ տարօրինակ էր ռեկտորի ընտրության ձգձգումը, որի ամբողջ պատասխանատվությունը, ըստ իս, կրել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, որը փաստացիորեն նպաստել է ԵՊՀ-ում լարված և անկայուն իրավիճակի խորացմանը՝ կրկին հակասելով իր խոստմանը. գործողությունները ծառայեցնել միայն ու միայն ԵՊՀ-ի շահերին: 2019 թ. հունիսի 29-ի նիստում պարոն Մուրադյանն իր լիազորությունների ակնհայտ չարաշահմամբ միևնույն հարցը տարբեր ձևակերպումներով դնում էր քվեարկության, որը երեք անգամ անընդմեջ մերժվեց: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵՊՀ-ի շահերին ծառայելու գործողությունները փոխարինվել են անձնական ցանկությունները բավարարելու կամ այլ կուլիսային պայմանավորվածությունների բավարարմանն ուղղված գործողություններով: Ի դեպ, դրա արդյունքում հերթական դատական հայցն ունեցանք ընդդեմ ԵՊՀ-ի՝ լիազորությունների չարաշահման հիմքով: Թվում էր, թե 2020 թ. մարտի 23-ին վերջապես կլուծվի ԵՊՀ-ի ռեկտոր ունենալու հարցը շուրջ մեկամյա անորոշ իրավիճակից հետո, սակայն ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելով պայմանավորված՝ Գևորգ Մուրադյանը միանձնյա որոշում կայացրեց չեղարկել նիստը՝ քաջ գիտակցելով, որ օրեր անց՝ ապրիլի 1-ի դրությամբ, դադարեցվելու են Հոգաբարձուների խորհրդի լիազորությունները, և հարցը մտնելու է փակուղի: Ընդ որում, ցանկանում եմ շեշտել, որ նիստի չեղարկումը չպետք է լիներ միանձնյա որոշում և պետք է քննարկվեր Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամների հետ՝ ընդհուպ հարցման կարգով կամ առցանց նիստի ընթացքում: Սա ևս շատ տարօրինակ և անհասկանալի չեղարկում էր, որը փաստացիորեն հինգ ամիս ևս երկարացրեց ԵՊՀ-ում տիրող անորոշ և լարված իրավիճակը: Կարևոր եմ համարում նշել նաև, որ այս ամիսների ընթացքում ինչպես պետական կառավարման տարբեր մարմիններ, այնպես էլ ԵՊՀ գիտական խորհուրդը պարբերաբար գումարել են նիստեր թե՛ դեմ առ դեմ հանդիպման, թե՛ առցանց քննարկումների և թե՛ հարցման կարգով նիստերի միջոցով, որը հստակ ամրագրմամբ թույլատրվում է նաև մեր կանոնադրությամբ: Ես կարծում եմ, որ մեկ տարուց ավելի պաշտոնավարած Գևորգ Մուրադյանը, որի պաշտոնավարման ընթացքում մենք որևէ հաջողություն, որևէ առաջընթաց, որևէ փոփոխություն չենք արձանագրել, չպետք է հավակնի Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնին, քանի որ իրեն վստահված պաշտոնը ձախողել է: Հարգելի՛ գործընկերներ, լիահույս եմ, որ հաշվի կառնեք այս և մի շարք այլ հանգամանքներ քվեարկելուց առաջ, և մեր բոլորի քվեարկությունն այս անգամ իրոք կբխի ԵՊՀ-ի շահերից, և հետագայում որևէ մեկը կարիք չի ունենա մեջբերելու մեր կատարած քայլերը, խոսքերը, որոնք հակասական կլինեն ժամանակի իրողությունների մեջ»: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գևորգ Մուրադյանը վերընտրվեց ՀԽ նախագահ:

Նմանատիպ նյութեր