211652_close_icon
views-count1105 դիտում article-date 21:12 24-08-2020

Անցկացվել է «ՄԻՊ ազգային ռազմավարություն. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողովը․ ընտրվել են հաղթողները

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 24-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը, որն անցկացվեց առցանց հարթակում։ Նախքան բանավոր փուլը, տեղի էր ունեցել գրավոր փուլը, որտեղ դատավորների կողմից ստուգվել էին բոլոր զեկույցները և դրա արդյունքներով ամենաբարձր միավորներ հավաքած երիտասարդները հրավիրվեցին մասնակցելու բանավոր փուլին։ Մասնակիցների աշխատանքները որպես բանավոր փուլի դատավոր գնահատել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության աշխատակից Աննա Կարապետյանը և ՄԻՊ միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը։ Գիտաժողովին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից, որոնցից բանավոր փուլ էին անցել յոթը․ Նարե Սմբատյանը (Հայաստանում ֆրանսիական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ) Վիկտորյա Հակոբջանյանը (ԵՊՀ, Իրավագիտության ասպիրանտուրա), Մարիամ Կարապետյանը (Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ), Օրի Բակունցը (Գորիսի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ), Էլեն Հովհաննիսյանը (Վանաձորի Պետական Համալսարան, Պատմաաշխարհագրական ֆակուլտետ), Սաիդա Օհանջանյանը (Գորիսի պետական համալսարան, Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ), Վարդուհի Սուվարյանը (Գյումրու «Պրոգրես» համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ)։ Գիտաժողովի մասնակիցները ներկայացրին իրենց զեկույցները՝ խոսելով խոշտանգումների արգելքի, առողջության պահպանման, կրթության, կյանքի և այլ հիմնարար իրավունքների, դատավորների անկախության երաշխիքների մասին։ Նրանք ներկայացրին իրենց կողմից ընտրված թեմաների արդի վիճակը, ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկները։ Գիտաժողովում հաղթող ճանաչվեց Վիկտորիա Համբարձումյանը, ով զեկույց էր պատրաստել առողջության պահպանման իրավունքի թեմայով։ Մրցութային երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Նարե Սմբատյանը, ով անդրադարձել էր դատավորների կենսաթոշակին՝ որպես սոցիալական երաշխիք։ Պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սաիդա Օհանջանյանը, ում հետազոտության առարկան կրթության իրավունքն էր։ Արդյունքների ամփոփումից հետո գիտաժողովի դատավորները մասնակիցներին հայտնեցին աշխատանքների որակի, առավելությունների և թերությունների մասին, խորհուրդ տվեցին շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ նմանօրինակ միջոցառումներին։ Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին իրենց ընձեռած ուսումնական հնարավորության համար։

Նմանատիպ նյութեր