211652_close_icon
views-count604 դիտում article-date 16:06 11-05-2015

Երևանում մեկնարկել է «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը

Մայիսի 11-ին Երևանում մեկնարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը։ Գիտաժողովին բացման ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց. «Թվային դիվանագիտությունը, օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ստեղծած հնարավորություններից, լրացուցիչ հարթակ է ստեղծում դիվանագետների համար՝ իրենց գործառույթները իրականացնելու նպատակով, ինչպես նաև՝ հասարակությունների առջև հաշվետու լինելու գործում: Հրատապ զարգացումներին արագ արձագանքելը և քաղաքացիների՝ գնալով աճող հարցումներին անմիջապես պատասխանելը ներկայումս դառնում են դիվանագիտական ծառայության առաջնային պարտականություններից: Լայնորեն օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, միաժամանակ, պետք է հաշվի առնենք հասանելի տեղեկատվության զգայունությունը և խորհրդապահական բնույթը, ինչպես նաև՝ միջպետական հարաբերությունների ու մարդկային ճակատագրերի վրա մեր կողմից տրամադրվող տեղեկատվության, արվող հայտարարություննների հնարավոր ազդեցությունը: Հետևաբար, որքան նոր ժամանակները բերում են նոր հնարավորություններ, նրանք նաև առաջ են քաշում նախկինում անհայտ մարտահրավերներ»: «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն գործածում է թվային դիվանագիտության ընձեռած հնարավորությունները, և այս առումով որոշակի արդյունքներ են գրանցվել: Բացի բավականին հագեցած քառալեզու պաշտոնական կայքից, ՀՀ արտգործնախարարության հաշիվները բավականին ակտիվ են սոցցանցերում։ Դեռ 2008թ. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետական գերատեսչություններից առաջինն էր, որ YouTube-ում բացեց իր պաշտոնական ալիքը` տեղադրելով այնտեղ իր գործունեությանն առնչվող տեսանյութեր: Կրկին առաջինն էր, որ բացեց իր պաշտոնական էջերը Ֆեյսբուքում և Թվիթերում, ինչը մեր գործունեությանը հավելյալ հրապարակայնություն է հաղորդում և, միաժամանակ, հանդիսանում մեր աշխատանքով հետաքրքրվողների հետ հաղորդակցության ինտերակտիվ հարթակ»,-նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Դիվանագիտական ծառայության մարմինները կարող են առավել հաջողակ լինել իրենց երկրների ազգային շահերին ծառայելու հարցում՝ տեխնոլոգիական առաջընթացից լավագույնս օգտվելու դեպքում: Արտաքին ծառայության կադրերի պատրաստման հաստատությունների՝ դիվանագիտական ակադեմիաների, դպրոցների առաքելությունն է կրթել և շարունակաբար վերապատրաստել գործող դիվանագետներին՝ թվային դիվանագիտության իրագործման նպատակով: Ողջունելի է Հայաստանի դիվանագիտական դպրոցի այս նախաձեռնությունը՝ շուրջ 25 երկրներից թվային դիվանագիտության ոլորտի առաջատար փորձագետների հրավիրելու Երևան` քննարկելու թվային դիվանագիտության և դրա զարգացման հետ կապված հարցերը: Գնահատելի է, որ այս համաժողովի անցկացմանը իր աջակցությունն է բերել Եվրոպական միությունը, ինչպես նաև այն, որ ԵՄ-ն ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ստեղծման օրվանից օժանդակություն է ցուցաբերում նրան», - նշեց արտգործնախարար Նալբանդյանը։ «Այս համաժողովը վկայում է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը և նրա գործընկերներն ընտրել են մի թեմա, որը դիվանագիտության և միջազգային հարաբերությունների բնագավառում ներգրավված մեզնից շատերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Վստահ եմ, որ հետաքրքիր քննարկումներ կանցկացնեք, ինչը հնարավորություն կտա առավել հարստացնելու մեր գիտելիքները թվային դիվանագիտության ոլորտում: Իսկ գիտելիքն, իհարկե, ուժ է, և մենք հետամուտ ենք ավելի մեծ ուժի ձեռքբերման, նրանց կողմից, ովքեր աշխատում են հանուն ժողովուրդների բարեկամության և խաղաղության», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Նմանատիպ նյութեր