211652_close_icon
views-count1961 դիտում article-date 12:28 22-08-2020

Ռուսաստանին ավելի ձեռնտու է փոխըմբռնում գտնել բելառուսական ընդդիմության հետ, քան աջակցել Լուկաշենկոյին. Bloomberg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հնարավոր է, չկարողանա պահել իշխանությունը, և Ռուսաստանին այսօր ավելի ձեռնտու է փոխըմբռնում գտնել բելառուսական ընդդիմության հետ, քան միջամտել Բելառուսում տիրող իրավիճակին և աջակցել գործող իշխանություններին: Այս մասին գրում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2020-08-21/russia-ponders-whether-losing-lukashenko-might-not-be-so-bad?sref=Y0jVLcFo]Bloomberg[/url]-ը՝ ՌԴ նախագահի մերձավոր շրջապատին մոտ երկու աղբյուրի հղումով: Աղբյուրներից մեկի համաձայն՝ բելառուսական ընդդիմության՝ Ուկրաինայի օրինակին հետևելու և երկիրը Եվրամիությանը մոտեցնելու փորձերն անընդունելի են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Գործակալության մյուս զրուցակիցը հայտնել է, որ Մոսկվայում համոզված չեն, որ Լուկաշենկոյի՝ իշխանությունից հեռանալը Ռուսաստանի համար բացասական կլինի, չէ՞ որ ռուսական ղեկավարությունը դեռ շատ քիչ բան գիտի բելառուսական ընդդիմության մասին: Ըստ աղբյուրների՝ Մոսկվան շահագրգռված չէ Լուկաշենկոյի անկումը կանխելու հարցում, սակայն արագացնել էլ չի շտապում: Գործակալության՝ արտաքին քաղաքական շրջանակներին մոտ աղբյուրն ընդգծել է, որ Ռուսաստանում Լուկաշենկոյին «թունավոր» են համարում, և եթե անգամ նրան հաջողվի պահպանել իշխանությունը, Մոսկվայի վստահությունը նրա նկատմամբ որպես գործընկերոջ վերացել է: Աղբյուրները պատմել են, որ Կրեմլն առանձնապես ցանկություն չունի Բելառուսին ռազմական օգնություն ցուցաբերել երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում՝ Լուկաշենկոյին իշխանության պահելու համար: Դա, ըստ նրանց, շարքային բելառուսներին Ռուսաստանի դեմ կտրամադրի և ավելի լուրջ կոնֆլիկտի կհանգեցնի, քան Ուկրաինայում: Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ: Պաշտոնապես հաստատվել է 3 մարդու մահը։

Նմանատիպ նյութեր