211652_close_icon
views-count1505 դիտում article-date 13:58 21-08-2020

Մասնագիտական հանձնաժողովը քննարկում է ընտրելու իրավունքի տարիքային շեմն իջեցնելու հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առցանց քննարկում է ընտրելու իրավունքի տարիքային շեմն իջեցնելու հարցը: Այս մասին հրավիրված առցանց քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը: «Քննարկվում է երեք հնարավոր սցենար: Սցենարներից մեկն այն է, որ թողնվում է, ինչպես, որ կա, այսինքն՝ 18 տարեկանը: Ես այդ տարբերակի կողմնակիցը չեմ: Սցենարներից մյուսը ենթադրում է, որ տարիքն իջեցվում է 16 կամ 17: Երրորդ սցենարն այն է, որ այդ տիրույթում ազատություն է տրվում օրենսդիրին և խորհրդարանը կարող է որոշել, թե որ ընտրություններում, ինչ տարիքային շեմ սահմանի: 16 տարեկանից քաղաքացուն տալիս ենք ընտանիք կազմելու իրավունք, հավաքների մասնակցելու իրավունք, աշխատելու իրավունք, այդ ամենի հետ մեկտեղ, ինչո՞ւ չպետք է ունենա ընտրելու իրավունք»,- ասաց Իոաննիսյանը: Հանձնաժողովի անդամը նշեց, որ միայն երկու հարց կա, որի շուրջ իրենք արդեն ունեն հստակ ձևավորված մոտեցում, դրանցից մեկն այն է, որ Հայաստանը կմնա խորհրդարանական հանրապետություն, մյուսն այն է, որ Հայաստանը կհրաժարվի խորհրդարանում կայուն մեծամասնության մեխանիզմից: «Ընտրական իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հանձնաժողովի օրակարգում են: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի ընտրության մեխանիզմին, թե ով պետք է նրան ընտրի: Հաջորդը վերաբերում է հանրաքվեներին, ստորագրահավաքների մեխանիզմին, որոնք Սահմանադրությունում կան, բայց առայսօր ոչ ոք չի էլ փորձել կիրառել: Չորրորդ բաժինը կառավարության ձևավորումն է կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում, այսինքն՝ եթե մենք հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես պետք է ձևավորվի կառավարությունը»,- նշեց հանձնաժողովի անդամը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր