ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով. ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով, Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: Մեզ հետ զրույցում նա հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով, թե այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ջերմել է եւ դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:
Նկատենք, որ նա իր պաշտոնին նշանակվեց օգոստոսի 6-ին: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ նշանակման օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանը դեռևս աշխատանքի չի գնացել, քանի որ հենց նշանակման օրն էլ մեկուսացած է եղել:
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 340 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 176354 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 796 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: