ՌԴ Խաբարովսկում բողոքի ցույցերը շարունակվում են
Ռուսաստանի հեռավորարեւելյալ Խաբարովսկ քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ մարզային կառավարչի ձերբակալության փաստի, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5526673.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Սերգեյ Ֆուրգալին ձերբակալել էին հուլիսի սկզբին ու նրա դեմ հարուցել 2004-2005 թվականներին բազմակի սպանությունների մեջ ներքաշված լինելու մասին մեղադրանք: Նրան տեղափոխել են Մոսկվա, ուր պահվում է բանտային պայմաններում:
Չինաստանին սահմանակից այս մարզում մարդիկ հավատացած են, որ մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Նրանց զայրույթն այստեղ խորացավ հատկապես այն բանից հետո, երբ Ֆուրգալի պաշտոնը հանձնվեց մեկ ուրիշի: Ֆուրգալը 2018-ի ընտրություններում այստեղ հաղթել է նախագահ Պուտինի կուսակցությունը ներկայացնող թեկնածուին, ինչն էլ շատերի համոզմամբ, դարձել է նրա դեմ քրեական հանցագործության մեղադրանքներ ներկայացնելու պատճառ:
Հուլիսի 11-ից սկսված ցույցերը պահանջում են Ֆուրգալի ազատ արձակումը եւ բաց ու արդար դատավարություն: