211652_close_icon
views-count92495 դիտում article-date 15:15 29-07-2020

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Fusion-ն ու շտապօգնության ավտոմեքենան, վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Մամիկոնյանց-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Ford Fusion մակնիշի 10 AV 888 համարանիշի և Haise մակնիշի 676 AO 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, կողաշրջվել է, իսկ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Նշված վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ հոգեբանը, ով վթարի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակցուհուն հոգեբանական օգնություն է ցուցաբերում, քանի որ վթարը տեղի է ունեցել նրա աչքի առաջ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայի ձայնային և լուսային ազդանշանները միացված են եղել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվելու ընթացքում բախվել է նաև կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր