211652_close_icon
views-count1568 դիտում article-date 10:22 29-07-2020

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում տխուր ցուցանիշներ է արձանագրել: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 4.7 տոկոսով: Շինարարության ոլորտում ևս 23.4 տոկսով անկում է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ըստ էության, պատճառը կորոնավիրուսն է, որի հետևանքով Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, և մարտ-ապրիլ ամիսներին արգելվեց որևէ տեսակի շինարարության իրականացում: Արձանագրենք նաև, որ առևտրաշրջանառության ծավալներն են պակասել 11.1 տոկոսով: Սա ևս արտակարգ դրության հետևանք է, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին առևտրի ոլորտի տնտեսվարողները չեն աշխատել. միայն սննդամթերքի սպառման առումով է ակտիվություն եղել: Թեև հիմա հագուստի, կոշիկի և տնտեսական ապրանքների խանութները բաց են, բայց առևտրի ծավալները նախկինի նման չեն, դրանք բավականին նվազել են: Փոխարենը 1.5 տոկոսով ավելացել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առևտրաշրջանառության ոլորտում ևս լուրջ անկում ունենք. այն կազմել է 10.7 տոկոս: Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 6.5 տոկոսով պակասել, իսկ ներկրումն էլ՝ 12.9 տոկոսով: Սա նույնպես կապված է կորոնավիրուսի հետ»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր