211652_close_icon
views-count5781 դիտում article-date 15:24 27-07-2020

Հայկ Սարգսյանը տուգանվել է դիմակ չկրելու համար. նա պարզաբանում է ներկայացրել երեկույթի առնչությամբ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը տուգանվել է հասարակական վայրում դիմակ չկրելու համար: Այս մասին Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ պարզաբանում ներկայացնելով Սևանա լճի ափին տեղի ունեցած երեկույթի վերաբերյալ: «Արդեն երկար ժամանակ է որոշ քաղաքական ուժեր և նրանց պատվերը կատարող լրատվամիջոցներ ջանում են կադր որսալ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կլինի առանց դիմակի։ Ամիսներ շարունակ հետևելուց հետո, երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։ Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել»,- գրել է Սարգսյանը: Պատգամավորը ներողություն է խնդրել միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ «Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել»,- գրել է նա: Անդրադառնալով այն լուրերին, թե լողափի հանգստյան գոտին պատկանում է իրեն կամ միջոցառումը ինքն է կազմակերպել, պատգամավորը նշել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ, դիմակ չկրելու համար տուգանվեցինք։ Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»,- գրել է Հայկ Սարգսյանը: Հուլիսի 27-ին համացանցում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել Սևանա լճի ափին գտնվող լողափերից մեկում կազմակերպված երեկույթից, որտեղ գտնվող անձինք (այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը) առանց պաշտպանիչ դիմակի են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր