211652_close_icon
views-count4827 դիտում article-date 21:13 23-07-2020

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

Եվրոդատարանը 22.07.2020թ բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Գրառումը՝ ստորև․ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց. 1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար, 2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, 3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ, 4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։ 5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան, Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. 1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, 2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, 3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին; 4) նշանակվե՞լ է արդյոք փաստաբան. 5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ. Դատարանը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար։

Նմանատիպ նյութեր