Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները», գրում է [url=https://af.reuters.com/article/libyaNews/idAFL5N2EU2RL]Reuters[/url]-ը։
Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է:
«Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։
«Միջերկրական ծովում մեր անվտանգությունը այլ անձանց ձեռքում թողնելը լուրջ սխալ կլինի: Դա Եվրոպայի համար տարբերակ չէ, և Ֆրանսիան դա թույլ չի տա»,- հավելել է նա։
Եվրամիությունը անցյալ տարի արդեն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ կապված Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների հետ, սակայն Մակրոնը հայտարարել է, որ խախտումների դադարեցման համար Անկարայի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ են պահանջելու:
«Ես լիովին աջակցում եմ Կիպրոսին և Հունաստանին, որոնց ինքնիշխանությունը խախտում է Թուրքիան։ Անթույլատրելի է, որ ԵՄ անդամ երկրների ծովային տարածքը խախտվի և սպառնալիքի տակ դրվի։ Դրա պատասխանատուները պետք է պատժվեն»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։