ՏՄՊՊՀ-ն դիմել է ԵԱՏՄ գործընկերներին՝ ՌԴ-ում հայկական մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով։ Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
«ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրում ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ: Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում։ Դրանք խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են։ Այսպիսով, ստեղծվում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում»,- տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:
Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ՝ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:


