211652_close_icon
views-count781 դիտում article-date 17:25 05-03-2025

Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում. այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ Միքայել Մինասյան

2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր, պատմական և ողբերգական իրադարձություններ, որոնց առանցքում 2021-ի ընտրություններն են։ Ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոք չվիճարկեց, իսկ հիմնական դերակատարները հայտարարեցին, որ այն հաղթանակ էր։

2021-ից հետո ժողովուրդը վերջնականապես հայտնվեց խայտառակ վիճակում։ Արցախի կործանումը դե ֆակտո մտավ գործնական փուլ, որը դե յուրե ավարտվեց 1 տարի անց, իսկ Հայաստանը բռնեց էվթանազիայի ճանապարհը։
Եվ ահա այս ամենից հետո մարդիկ, ովքեր հանձն էին առել ազատել երկիրը նիկոլական ախտից, 7 տարի անց փնտրում են 2018-ին Նիկոլին բերողի ուրվականը։

Այդ փնտրտուքի ամենամեծ դրաման այն է, որ շատ հաճախ նրանք դուրս են գալիս սեփական կամ մերձավորների հետքի վրա։ Կեսից խճճվում են և կանգ առնում, որովհետև հասկանում են այդ գործի վտանգավորությունը։ Այն վտանգավոր է և բացարձակ անիմաստ։ Վտանգավոր է, որովհետև առերեսվում են իրենք իրենց ու ստիպված լինում արդարանալ, իսկ բացարձակ անիմաստ է, քանի որ չունեն ազնվություն ասելու, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր։

Եվ ահա այստեղ է բացատրությունը Նիկոլի դեմ պայքարի խորքային ձախողման։ Իշխանությունը Նիկոլին հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով և այդ նույն հեղափոխության մեջ խորքային ժողովուրդը գտել է իր միակ կոլեկտիվ հաղթանակը և ամենամեծ տրամվան՝ սխալ դուրս չգալու և պատասխանությանը չառերեսվելու։ Եվ ամեն անգամ երբ իրականությունը ժողովրդին ընտրության առաջ է կանգնեցնում՝ հեղափոխությո՞ւնը, թե՞ Արցախը, հեղափոխությո՞ւնը, թե՞ արժանապատվությունը, իսկ հիմա արդեն հեղափոխությո՞ւնը, թե՞ Հայաստանը, ժողովուրդը հետևողականորեն ընտրում է հեղափոխությունը։

Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը։ Պատճառը պարզ է. Չեն ցանկանում ընդունել, որ իրենք են հեղափոխության առաջացման պատճառն ու ուղիղ պատասխանատուն։

Խուսափելով խոսել հեղափոխության խորքային պատճառների մասին, ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան մերժել այն ու մանտրայի պես կրկնել «ով է բերել Նիկոլին 2018-ին» հարցը։ Ուժերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է միայն մեկ հոգու՝ Նիկոլին, ով օգտվում է ժողովրդի և ընդդիմության սխալներից և կարողանում է պահել իշխանությունը։
Այս անիմաստ կռիվը մի բանի ապացույց է. այդ մարդիկ ի վիճակի չեն առաջարկել ճանապարհը, թե ինչպես ազատվել Նիկոլից, և ունակ չեն ստանձնել դրա պատասխանատվությունը, ուստի լավագույն դեպքում նորից պատրաստվում են կրկնել 2021-ի դառը փորձը. այն է՝ գնալ հեղափոխական ընտրությունների՝ հերքելով հեղափոխության փաստը, բայց մնալով հեղափոխության պարադիգմայի մեջ։

Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում։
Հարցի պատասխանը, թե ով է պահել Նիկոլին, կարող եք գտնել ԿԸՀ կայքում և կրկին Facebook-ում։

Եվ այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին։

Կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր