2067 դիտում
17:25 09-07-2020
Սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 9-ին հանդիպում է կազմակերպել Հայաստանում աշնանացան ցորենի տեղական սերմարտադրողների և ներկրողների հետ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագրի պայմանները, պետության կողմից տրամադրվող աջակցության սահմանաչափն ու ծրագրին մասնակցելու ընթացակարգը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։
«Այս ծրագրով մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել մեր ֆերմերների վարքագծային փոփոխությանը, որ նրանք գիտակցեն բարձորակ սերմ օգտագործելու կարևորությունը, ավելի ամուր կապ հաստատվի ֆերմերի և տեղական սերմարտադրողի միջև, ինչպես նաև կարողանանք ցույց տալ, որ այս ոլորտը նույնպես կարող է շահութաբեր լինել»,- նշել է փոխնախարարը:
Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։
Նա հավելել է, որ այս մարզերի ընտրությունը ծրագրի իրականացման համար պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի ընդհանուր ցորենի ցանքատարածությունների շուրջ 95%-ը:
Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մարզային բաժինները տնտեսավրողներին կտրամադրեն ցորենի մշակության և ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն։
Ծրագրին մասնակցելու համար սերմերի վաճառք իրականացնողները՝ մատակարարները պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն և կնքեն հուշագիր, որի արդյունքում հավաքագրված տեղեկատվությունը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Սերմերի վաճառքը կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։
Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ ծրագրի շրջանակում սերմերի վաճառքն իրականացվելու է բացառապես պայմանագրային հիմունքներով: Պայմանագրի օրինակելի ձևը առաջիկա օրերին կհրապարակվի նախարարության կայքում:
Իր խոսքում Արման Խոջոյանը նաև ընդգծել է, որ ծրագրի շրջանակում մատակարարները նույնպես կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
Արդյունքներով պայմանավորված` ծրագիրը կարող է շարունակվել նաև 2022 թվականին:
Նմանատիպ նյութեր
2377 դիտում
14:34 07-07-2020
Մեկնարկում է ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը
1740 դիտում
16:28 07-08-2021
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1119 դիտում
16:02 12-08-2022
Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը
Այս բաժնից
865 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)