211652_close_icon
views-count2684 դիտում article-date 10:21 08-07-2020

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար

Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը: Այս մասին հայտնեցին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։ Մինչ այս բարեկամական խմբի ղեկավարն էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: «Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները մեծ պատմական կշիռ ունեն: Այսօր մեր պետությունների երկկողմ ամուր կապերում տնտեսական բաղադրիչն էականորեն մեծ է. ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում ԻԻՀ-ն 6-րդ տեղում է: Սակայն այս հարաբերություններում էական նշանակություն կարող է ունենալ նաև մեր պետությունների կրթական, գիտական ու մշակութային սերտ համագործակցությունը, որի համար ևս պատմությունն ու ներկայիս բարեկամությունը լուրջ հենարան են տալիս: Եվ իհարկե, չմոռանանք Իրանի հայ համայնքի մասին, որը հայկական սփյուռքի ամենահարուստ կենտրոններից մեկն է և լավագույնս ներկայացված է Իրանի խորհրդարանում»,-նիստի ավարտին նշել է Մխիթար Հայրապետյանը: Մխիթար Հայրապետյանը ղեկավարում է նաև ՀՀ ԱԺ 4 միջխորհրդարանական հանձնաժողովներից մեկը՝ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան բարեկամական խումբը:

Նմանատիպ նյութեր