211652_close_icon
views-count3896 դիտում article-date 20:20 07-07-2020

Ալիևը մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ, և ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում․ ՀՀ վարչապետի խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը, որում ի թիվ մի շարք մեղադրանքների և ապատեղեկատվության՝ Ալիևը ՀՀ իշխանությանւը մեղադրել էր ֆաշիզմի մեջ։ Այս առիթով Մանե Գևորգյանը գրել է․ «Կարդացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին Խաթայի շրջանում արած հայտարարությունները ու պիտի ասեմ, որ պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի շարունակական փորձերն իսկապես զավեշտալի են: Նա պնդում է, թե հայերի մասին ոչ մի հիշատակում չկա 1800-ականների սկզբին կնքված Քյուրակչայի պայմանագրում: Միամտորեն մտածել ենք, թե պարոն Ալիևը ծանոթ է անտիկ պատմագրության ամենապոպուլյար գործերին՝ Հերոդոտոսի պատմությանը, Քսենոփոնի «Նահանջ բյուրոց»-ին, Ստրաբոնի «Աշխարհագրությանը», Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի, Կասսիուսի, Ապպիանոսի, Տակիտոսի, Ամմիանոս Մարկելինոսի, արաբ հեղինակներ Բալաձորիի, Ալ Մասուդիի, եվրոպացի նշանավոր ճանապարհորդներ՝ Ռուբրուկի ու Մարկո Պոլոյի երկերին, որոնցում ահռելի նյութ է զետեղված աստվածաշնչյան Հայաստան-Արմենիա երկրի ու նրա բնիկ հայ ժողովրդի մասին։ Եթե պարոն Ալիևը վերոնշյալ հեղինակներին չի վստահում, գոնե բարի լիներ կարդալ 16-19-րդ դարերի օսմանցի հեղինակներին՝ Իբրահիմ Փևչևիին, Մուստաֆա Նայիմային, Ռաշիդին, Իսմայիլ Ասըմ Էֆենդիին, Սուլեյման Իզղիին, Քյաթիբ Չելեբիին, Ահմեդ Ջևդեթ փաշային, Էվլիա Չելեբիին, որոնցից մի մասը ոչ միայն առատ տեղեկություններ է հաղորդել Հայաստան աշխարհի մասին, այլև ճամփորդելով Արմենիա-Էրմենիստանով, շփվել է նրա հայ-քրիստոնյա բնակիչների հետ։ Հակառակ դեպքում 19-րդ դարի որևէ փաստաթղթում հայերի հիշատակված լինել-չլինելու մասին խոսելով ինքն իրեն վատ վիճակի մեջ չէր դնի: Անտիկ ժամանակից հայերը և Հայաստանը հիշատակվում են պատմագրական երկերում, պատմական փաստաթղթերում, քարտեզներում: Կարծել ենք, թե պարոն Ալիևի իմացությունը նրան պիտի թույլ տար լավ իմանալ դեռևս վաղ միջնադարում Արցախում հայերի կողմից կառուցված ու հայատառ արձանագրություններով պարուրված Ամարասի, Դադիվանքի, 13-րդ դարի Գանձասարի մասին: Վերջինս ի դեպ, մինչև պարոն Ալիևի հիշատակած Քյուրակչայի պայմանագրի ժամանակները 18-րդ դարի առաջին կեսին Արցախում հայերի կողմից ստեղծված, Իրանի Նադիր շահի կողմից հատուկ հրովարտակով Իրանի դաշնակից երկիր ճանաչված Խամսայի մելիքությունների հոգևոր կենտրոնն էր: Եվ ոչ թե վարչապետ Փաշինյանն է ասում, որ Արցախը Հայաստան է, այլ հենց Ամարասը, հենց Դադիվանքը, հենց Գանձասարը՝ իրենց հայերեն գրավոր արձանագրություններով: Պարոն Ալիևը փորձում է պնդել, թե Մյունխենի կոնֆերանսում վարչապետ Փաշինյանը որպես հայ է ներկայացրել մի թագավորի, որը հայ ժողովրդի հետ որևէ ընդհանուր բան չի ունեցել: Գոնե վերոնշյալ հեղինակներից ամաչեր: Ճիշտ է, նրանք Ադրբեջանի մասին ոչինչ չեն գրել, բայց նրանք հո մեղավոր չեն, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում մինչև 1918 թվականը նման երկրի չեն հանդիպել: Եթե նկատի ունի իրանական Ատրպատականը, որն այժմ էլ իր տեղում է՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, ապա այն որևէ կապ չունի իր ղեկավարած երկրի հետ։ Եթե այդ հարցում էլ խարխափում է, ապա կարող է դիմել ժամանակակից իրանցի պատմաբաններին, նրանք կհարստացնեն պարոն Ալիևի գիտելիքները։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիևի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը. այն է, Արցախի ժողովրդի իրավունքների լիակատար անտեսումը: Եվ ինչպե՞ս պետք է սրան արձագանքեն Արցախի քաղաքացիները: Բնականաբար՝ իրենց իրավունքները պիտի պաշտպանեն, և քանի դեռ Ադրբեջանն այդ իրավունքը չի ճանաչել, բանակցություններն արդյունավետ չեն կարող լինել: Ներառյալ՝ սեփական իրավունքների շուրջ ընթացող բանակցություններին արցախահայության լիարժեք մասնակցելու իրավունքը: Ի վերջո, վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձև է առաջարկել. Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևն ընդունում է միջազգային հանրությունը, բայց այս բանաձևը չի ընդունում պարոն Ալիևը, պնդելով, թե հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչու՞ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը: Պարոն Ալիևը հարցի չկարգավորման մեջ մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, Հայաստանին, պատմական արդարությանը, մինչդեռ պիտի մեղադրի միայն ինքն իրեն, որ վաղուց հեռացել է քննարկումների կառուցողական դաշտից»:

Նմանատիպ նյութեր