8049 դիտում
15:47 04-07-2020
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական նոր կազմակերպության գործունեությունը, որը միտված է նպաստելու գիտության և կրթության ոլորտի զարգացմանը։
Հանդիպման սկզբում ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ հասարակական նոր կազմակերպության հիմնադրումն ինքնանպատակ չէ, և որ այն տարբերվելու է ներկայումս գործող հասարակական կազմակերպությունների ստեղծման շարժառիթներից և տեսլականներից։
Նրա հավաստմամբ, հասարակական կազմակերպության ստեղծումն օբյեկտիվ անհրաժեշտություն է․ «Հատկապես վերջին շրջանում կրթության և գիտության ոլորտում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։ Մինչ այս պահը մենք բարեփոխման շոշափելի որևէ արդյունք դեռևս չենք արձանագրել։ Հասարակական կազմակերպության ստեղծման գլխավոր շարժառիթը վերոնշյալ գործընթացներին ուղղորդող ազդեցություն և բարեփոխումների գործում լիարժեք մասնակցություն ունենալն է»։
Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ, հասարակական կազմակերպության նպատակներն են Հայաստանում գիտության և կրթության ոլորտում բարեփոխումներին աջակցելը, ոլորտի բարեփոխումների փաթեթներ, նախագծեր մշակելը, առկա ծրագրերին, առաջարկներին, նախագծերին փորձագիտական գնահատական տալը։
Բացի դրանցից, նրա խոսքով, հասարակական կազմակերպությունը միտված է նպաստելու Հայաստանում գիտության տարածմանը, զարգացմանը, կազմակերպելու դասախոսություններ, մեդիա հաղորդումներ, տարածելու գիտական, գիտահանրամատչելի նյութեր, ինչպես նաև պաշտպանելու Կազմակերպության անդամների, գիտության և կրթության ոլորտում ներգրավված անձանց իրավունքները:
Անդրադառնալով թվարկած վերջին նպատակին՝ Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ գիտակրթական
կազմակերպություններում թերևս գործում են արհմիություններ, սակայն դրանք հիմնականում զբաղված են աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ․ «Մենք բարձրաձայնելու ենք ավելի գլոբալ խնդիրներ, և եթե տեսնենք պետական կամ լիազոր մարմնի կոնկրետ քաղաքականության արդյունքում ոլորտի կամ առանձին աշխատողների շահերի ոտնահարում, մենք օրենքով սահմանված կարգով ձեռնամուխ ենք լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ հարկ եղած դեպքում դատական կարգով»։
Հասարակական նոր կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո նախաձեռնության անդամները քվեարկության միջոցով ընտրեցին նաև դրա ղեկավար կազմին։ Ըստ այդմ՝ «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ ընտրվեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
ՀԿ-ի խորհրդի անդամներ ընտրվեցին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ Արսեն Թավադյանը, Մանկավարժության ամբիոնի ասիստենտ Մերի Հովհաննիսյանը, Կրոնի պատմության և տեսության ամբիոն դոցենտ Պարգև Բարսեղյանը, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Մոսինյանը, Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Մովսես Դեմիրճյանը և Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն դոցենտ Ալեն Ղևոնդյանը։ Ապա արդեն խորհրդի անդամների ընտրությամբ Արսեն Թավադյանն ընտրվեց ՀԿ-ի քարտուղար։
Մենուա Սողոմոնյանը տեղեկացրեց, որ նորաստեղծ ՀԿ-ն ժամանակավոր կգործի Ծարավ Աղբյուր 119/2 հասցեում։ Նրա հավաստմամբ, ծրագրերը և մտադրությունները բավականին շատ են, որոնք վերաբերում են ինչպես բուհական կրթության, հետազոտության, տեղական ու միջազգային փորձի ուսումնասիրությանը, այնպես էլ իրավական ակտերի փորձաքննություններին․ «Ոլորտը բավականին լայն է, պետք է վեր հանել խնդիրները և նպաստել ինչպես մեր հարազատ ԵՊՀ-ի, այնպես էլ բուհական ընդհանուր համակարգի զարգացմանը»։
Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀԿ-ն իր գործունեությունն իրականացնելիս պետք է լինի առավելագույնս թափանցիկ, ինչպես նաև իրապես գործող։ Նրա հավաստմամբ, արդյունավետ գործունեությունն է կշիռ տալու կազմակերպությանը․ «Միանշանակորեն բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արդյունք ապահովելուն»։
Մենուա Սողոմոնյանի կարծիքով էլ կարևոր է, որ ինչ-որ ծրագրում ներգրավվելիս մարդիկ հոգեկան և նյութական բավարարվածություն զգան․ «Ինչպես ցանկացած նախաձեռնություն, մենք կքննարկենք նաև, թե ինչ հնարավորություններ, ֆոնդեր կամ դոնորներ կան՝ համագործակցելու համար»։ Նրա խոսքով, առաջիկայում կլինեն հանդիպումներ և կքննարկվեն բոլոր նախաձեռնությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
7269 դիտում
21:16 15-05-2017
Մեր գլխավոր խնդիրը կրթության որակի բարելավումն է. ՀՀ կրթության և գիտության նախարար
Այս բաժնից
1072 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
1042 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1177 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն