2906 դիտում
10:36 27-06-2020
«Զոռով» անհնար է «երջանկացնել» ազգերին, կամ մի քանի ցնցումով «նոր մարդ» «ձևավորել»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Դարերի ընթացքում ծավալվող հեղափոխական շարժումները մշտապես առաջ են քաշել «նոր մարդու ձևավորման» գաղափարը: Դա, հավանաբար, «պատմության վերջի», կամ, ինչպես Մարքսն էր կանխատեսում, «նախապատմության» վերջի և «իսկական պատմության» սկզբի մասին երազանքի մասնավոր դրսևորումն է: Եվ այդպես էին մտածում ոչ միայն կոմունիստները. 20-րդ դարի 90-ականներին «ճիշտ հակառակ» գաղափարախոսությունը դավանող ամերիկացի փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման հայտարարել էր մոտավորապես հետևյալը՝ «վերջ, պատմությունն ավարտվեց, ազատականությունը հաղթեց»: Բայց փորձը ցույց է տալիս, որ այդ «վերջից» հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում՝ այդ «վերջը» հերքող: Այդ իմաստով ոչ մի «վերջ» էլ գոյություն չունի:
Գայթակղիչ է, իհարկե, մտածել, որ որոշակի պահից մարդկությունը կհրաժարվի իր նախապաշարումներից և արատներից ու ամեն ինչ կսկսի «մաքուր էջից»: Այդ գայթակղությանն են ենթարկվել ոչ միայն մեզ համար ամենացցուն օրինակը հանդիսացող ֆրանսիական և ռուսական հեղափոխությունների գաղափարախոսները: Նույն պատրանքներն ունեին արևմտյան Եվրոպայում ծնված Ռեֆորմացիայի գործիչները, Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, ինչպես նաև շատ ավելի վաղ՝ օրինակ, մեր (նաև բյուզանդական) պատմության մեջ՝ պավլիկյան շարժման առաջնորդները: Ի վերջո, բոլոր տեսակի «աղանդավորական» համայնքները՝ ներառյալ 1970-ականների «հիփի»-ներին, ստեղծվում էին հենց այդ նպատակով՝ նպաստել «նոր մարդու» ձևավորմանը: Նոր դարաշրջան-նոր պետություն-նոր մարդ՝ այդ շղթան առաջին հայացքից, զուտ տեսականորեն, տրամաբանական է թվում: Բայց գործնականում նման բան երբեք տեղի չի ունենում՝ նոր ժամանակները «նոր մարդուն» չեն երկնում: Իսկ «մաքուր էջից» սկսելու փորձերը կամ կոչերը հաճախ բերում են մի վիճակի, որի ծայրահեղացված, գրոտեսկային նկարագրությանը մենք հանդիպում ենք Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վիպակում:
Իսկ գուցե հակառա՞կը. մարդկության պատմության մեջ գալիս են պահեր, երբ կա «հի՞ն մարդու» կարիքը՝ այնպիսի մարդու, որի վարքը, արժեքային համակարգը հիմնված է դարերի ընթացքում մշակված համաշխարհային հոգևոր ուսմունքների և դրանց «ազգային բեկումների» վրա: Հիմա, կարծես թե, հենց այդպիսի դարաշրջան է, երբ ցինիզմը, «պրագմատիզմը», անհավատությունն իրենց սպառել են, խանգարում են մարդկության զարգացմանը և բերում են հարաճուն ճգնաժամերի: Տարբեր՝ մեծուփոքր, «առաջադեմ» և «թերզարգացած» երկրների իշխանությունները ժամանակ առ ժամանակ կորցնում են իրավիճակի հանդեպ վերահսկողությունը՝ հավանաբար, չհասկանալով, որ ղեկավարելու ավանդական՝ 20-րդ դարում միանգամայն արդյունավետ «ուժային-քարոզչական» մեթոդներն այլևս չեն գործում: Պետությունները և մարդիկ «հենասյուներ» են փնտրում, ավելի ճիշտ՝ փորձում են վերգտնել դրանք: Վերգտնելու այդ փորձը իրական պրագմատիզմի արտահայտություն է. «զոռով» մարդկությանն ու ազգերին անհնար է «երջանկացնել», մեկ կամ մի քանի ցնցումով «նոր մարդուն» հնարավոր չէ «ձևավորել»: (Եվ պե՞տք է արդյոք): Հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ 21-րդ դարում պետք վերանայվեն պետությունների գործառույթները և հասարակական հարաբերությունների էությունը: Դրանք պետք է ունենան հստակ էթիկական հիմք:
Թե որն է Հայաստանի դեպքում այս հիմքը, պետք է լրջորեն մտածել: Հենց ՄՏԱԾԵԼ և ոչ թե ղեկավարվել այսրոպական հույզերով ու կրկնել իշխանական կամ հակաիշխանական դոգմաները»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
09:48 26-03-2014
Մարդկանց և ազգերին ագրեսիվ է դարձնում թերարժեքության բարդույթը․ Առավոտ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը