211652_close_icon

Մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ պահում ենք հակահամաճարակային կանոնները. վարչապետ

views-count2243 դիտում article-date 14:01 25-06-2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության կանոնների չպահպանման հիման վրա կազմված վարչական արձանագրությունների վիճակագրությունը։ «2020թ. հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից 939-ը՝ Երևանում: Բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն: Ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղիներում: Հիմնականում խնդիրներ ունենք բակերում. ծառայությունն այնտեղ ավելի կուժեղացվի»,- «[url=https://armenpress.am/arm/news/1019631.html]Արմենպրես[/url]»-ի փոխանմամբ, ասաց ոստիկանապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ առաջնային ամենակարևոր օջախները բակերն են։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես բակային տարածքներին, հատկապես երեկոյան ժամերին, և այս առումով պետական մարմինների ներկայացուցիչները, կամավորները պետք է շատ մեծ աշխատանք կատարեն։ Խնդիրը սահմանված կանոնների պահպանման մեջ է: Դրանում մենք համոզվել ենք փորձագետների հետ քննարկումների, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների, այլ երկրների փորձը հաշվի առնելու արդյունքում: Կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել. սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է հակահամաճարակային կանոնները պահպանենք։ Եթե մենք հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, մեր պրոբլեմները գնալով խորանալու են բոլոր ուղղություններով։ Մենք, իհարկե, պետք է նաև վարչական մեթոդները գործի դնենք, բայց այստեղ ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա, որը մենք մեզնից ենք սկսել։ Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահում ենք հակահամաճարակային կանոնները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր