Սա մաքուր իրավական գործընթաց է. Գլխավոր դատախազը՝ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագրի մասին
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մաքուր իրավական գործընթաց է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդություն ներկայացնելը: [url=https://armenpress.am/arm/news/1018575.html]«Արմենպրես»-[/url]ի փոխանցմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց ի պատասխան ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի հարցի:
«Այս փաստաթղթերը հայտնաբերվել են դեռևս փետրվարին հարուցված քրեական գործով կատարված խուզարկությամբ: Այստեղ իմ կողմից ներկայացված միջնորդագիրը բացարձակապես մաքուր իրավական գործընթաց է, սա ոչ մի կապ չունի որևէ քաղաքական գործընթացների հետ»,- ասաց Դավթյանը:
Ազգային անվտանության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց հաշվառման իրական վայրերում։
Մանրամասներն՝ [url=https://armenpress.am/arm/news/1018575.html]այստեղ[/url]