211652_close_icon
views-count983 դիտում article-date 12:54 04-06-2020

Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին. armenpress.am

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների։ Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար: «[url=https://armenpress.am/arm/news/1017329.html?fbclid=IwAR3olayCz_cqme62SPyTaeeQhwOq8uyS74tiC35gDQuH4vc89b7nowXKAj0]Արմենպրես[/url]»-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։ [b]- Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը: [/b] - Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց: [b]- Հակառակորդը կարծես թե վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ, որը համեմատաբար պասիվ էր, իսկ այժմ հաճախակի կրակոցներ, այրված ավտոմեքենա, հայտարարություններ ադրբեջանական դիրքերի բարելավման մասին... [/b] - Բազմիցս հայտարարել ենք՝ Նախիջևանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն: Լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր ենք կազմակերպել առաջնագիծ. նրանք իրենց աչքով են տեսել ու արձանագրել վերոնշյալ, հանդես են եկել հրապարկումներով: Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխությունն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:Տեխնիկայի խոցման մի քանի դեպք միջինում լինում է տարվա ընթացքում, բարեբախտաբար զոհեր, վիրավորներ գրեթե չենք ունենում: Բայց ուզում եմ ընդգծել, որ սա մեր՝ զինվորականներիս, առօրյա կյանքն է. քանի դեռ սահմանից այն կողմ Ադրբեջանի պես հակառակորդ ունենք, մենք ոչ մի տեսակ ոտնձգությունից ապահովագրված չենք, և միշտ պատրաստ ենք ու զգոն: [b]- Նման պատահարներից հետևություններ արվո՞ւմ են, փոփոխություններ մտցվո՞ւմ են մեր զինուժի գործելաոճի մեջ: [/b] - Հետևություններ իհարկե արվում են, այլ կերպ պարզապես հնարավոր չէ. յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, պարզվում են պատճառները, ձեռնարկվում են քայլեր նման պատահարները բացառելու ուղղությամբ: Նաև սա է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին ևս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին: [b]- Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հերքել հայկական զինված ուժերի գործողությունները: [/b] - Բնական է, որ իրենք պետք է հերքեն, և, ի տարբերություն մեր լրատվադաշտի,ադրբեջանական մամուլն ազատ չէ, բանակային թեմաների լուսաբանումը նույնիսկ օրենսդրորեն է սահմանափակված նրանց մոտ: Արդյունքում՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում ապատեղեկատվության, քարոզչական նյութեր պատրաստելու ու տարածելու վրա, և պետականորեն թաքցնում են, որ ձախողված դիվերսիաների փորձեր, զոհեր ու վիրավորներ ունեն. միայն սոցցանցերում է, որ այդ թեմաները քիչ, թե շատ շրջանառվում են: Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ հակառակ ծայրահեղությունն է. հայկական լրատվամիջոցները երբեմն այնպիսի տեղեկատվություն են հանրայնացնում, որն ամիջականորեն ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, օգնում է նրանց իրավիճակի և մեր գործողությունների գնահատում կատարել, ստանալ իրենց հարցերի պատասխանները: Սա ոչ մի կերպ օգտակար չէ մեր պետությանը, մեր բանակին: Մենք պատրաստ ենք լրատվամիջոցների հետ աշխատել, լսել նրանց բարձրացրած խնդիրները, լուծում գտնել դրանց: Կարծում եմ՝ սա ավելի կառուցողական գործելաոճ է, քան ձեռքի տակ եղած ցանկացած տեղեկատվությունը բաց աղբյուրներով հասնելի դարձնելը հակառակորդին՝ առանց հաշվի առնելու հետևանքները: [b]- Իսկ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով բարեփոխումներ Զինված ուժերում այնուհանդերձ արվո՞ւմ են: [/b] - Շփման գիծն ամբողջ հակամարտության ընթացքում եղել է ու մնում է կենդանի օրգանիզմ, և փոփոխությունների է ենթարկվում ամեն օր՝ հենակետերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներից, կահավորումից, մինչև ամենատարբեր զինատեսակների և ռազմական տեխնիկայի ձեռքբերում: Այդ հարցում շատ մեծ դեր ունի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ՝ տեսադիտարկման համակարգերով հենակետերը հագեցնելը: Այս համակարգերը և այլ տեխնոլոգիաներ, որոնք բարձրաձայնման ենթակա չեն, իհարկե գալիս են օգնելու զինվորին, բայց ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի փոխարինում մարդուն. մեր զինվորը, ինչպես առաջ, այժմ էլ զենքը ձեռքին կանգնած է սահմանին, և մենք ամենն անում ենք ու անելու ենք նրա ծառայությունն ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար, անկախ նրանից այդ մասին հրապարակումներ կան, թե ոչ: [b]- Հրապարակումներ կան նաև այն մասին, որ ԶՈւ-ում կոռուպցիոն դեպքերի, անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են արվում, ինչն էլ բնականաբար սպառնում է մեր զինծառայողների անվտանգությանը: [/b] - Նախ տեղեկացնեմ, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանքն է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ... Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/1017329.html?fbclid=IwAR3olayCz_cqme62SPyTaeeQhwOq8uyS74tiC35gDQuH4vc89b7nowXKAj0]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր