211652_close_icon
views-count963 դիտում article-date 18:20 01-06-2020

Երկրի գլխավոր թիմի անդամներից յուրաքանչյուրը մարզվում է հաստատված ծրագրով՝ իր բնակավայրում

Երկրագունդը համակած համաճարակը չի հուսալքում հայ մարզիկներին, նրանց թվում ՝ ձյուդոիստներին։ Հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը հեռախոսազրույցում ասաց , որ տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչները պարապում են նախապես մշակված համապատասխան ծրագրերով։ Մասնագետները լավ գիտեն որ, օրինակ, պատանիները եթե պարապեն ընդհատումներով, ապա նրանց մոտ հնարավոր է առաջանա մարզաձևին հրաժեշտ տալու ցանկություն։ Իսկ եթե տղաները զգան իրենց նկատմամբ ուշադրություն, պարապմունքներում շարունակեն սովորել նոր հնարքներ, ապա կմնան ձյուդոյում , և հոսունությունը խնդիր չի դառնա։ Ավելի լուրջ վերաբերմունք է պահանջում << երիտասարդական >> ձյուդոն, որով սնվում , համալրվում է ազգային հավաքականը։ Այդ տարիքի մարզիկներն արդեն որոշակիորեն հասկանում, կշռադատում են իրենց ունակությունները և վարպետության աստիճանը։ Հասակի առումով, նրանք երբեմն սկսում են երկմտել, նույնիսկ ընկնել անտարբերության գիրկը։ Գիտակցում են նաև, որ օրավուր մոտենում են հայրենի բանակ իրենց զորակոչվելու օրերը։ Նրանք հիմնականում չեն խորշում ծառայությունից։ Հարցն այն է, որ զորացրվելուց հետո ոմանք չեն շարունակում պարապել ու հեռանում են ընտրած մարզաձևից։ Մինչդեռ հնարքների հարուստ զինանոց և սեփական ունակությունների նկատմամբ վստահություն ունենալու դեպքում կմնան ասպարեզում ու կհամալրեն երկրի գլխավոր թիմը։ Հովհաննես Դավթյանի խոսքով, այդ ամենի մասին գիտեն նրա գործընկերները, որոնք հիրավի, նպատակային աշխատանքներ են կատարում։ Այդ են վկայում են տեսանյութերը, քանզի դիտումները գոհացնում են հանրապետական ֆեդերացիայի համապատասխան մասնագետներին։ Ճիշտ է, առայժմ մրցումներ չկան, բայց փոխարենը` կա աշխատանք։ Երկրի գլխավոր թիմի անդամներից յուրաքանչյուրը մարզվում է հաստատված ծրագրով՝ իր բնակավայրում։ Պարապմունքները գլխավորապես բացօթյա են և պահպանվում է միմյանց միջև անհրաժեշտ տարածությունը։ Մասնագիտական առումով շատ է կարևորվում մարզիկներին հնարքների հարուստ զինանոցով օժտելու գործը։ Մարզիչները նաև գիտեն, որ ներկա անորոշության պայմաններում աշակերտներին պետք չէ հասցնել լավագույն մարզավիճակի, այլապես մրցումների բացակայությունը կհուսալքի, թևաթափ կանի նույնիսկ փորձառու վարպետներին։ Կարելի է ենթադրել, որ Հայաստանի ձյուդոյում ընդհանուր վիճակը բավարար է։

Նմանատիպ նյութեր