1477 դիտում
16:37 25-05-2020
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2019 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
2020 թ. մայիսի 20-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որտեղ բաժանմունքի 2019 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա-գրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 17 թղթակից անդամ, 25 արտասահմանյան անդամ:
2019 թ. անց է կացվել բաժանմունքի 4 ընդհանուր ժողով և բյուրոյի 19 նիստ, որտեղ լսվել են մի շարք գիտական զեկուցումներ և քննարկվել գիտակազմակերպական բնույթի բազմաթիվ հարցեր:
Հաշվետու տարում բաժանմունքի գիտական հաստատությունները հետազոտություններ են կատարել գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում ծրագրով` 21, թեմատիկ ֆինանսավորմամբ` 29, նպատակային ֆինանսավորմամբ` 1, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ` 4 թեմաներով:
Բաժանմունքի գիտական հաստատությունները ՀՀ ԳԱԱ և արտաակադեմիական հրատարակչությունների միջոցով հրատարակել են 144 գիրք, որից 7-ը` արտասահմանում, 1 հանրագիտարան, 18 դասագիրք և ձեռնարկ, 1071 հոդված, որից 288-ը` արտասահմանում:
2019 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» և «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականների 3-ական համարներ, «Հայկական տնտեսագիտական հանդես» նոր պարբերականի 1 համար, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար: Արևելագիտության ինստիտուտը հրատարակել է "Contemporary Eurasia" անգլերեն պարբերականի VIII հատորի 2 համար, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը հրատարակել է «Լեզու և լեզվաբանություն», Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը` «Գրականագիտական հանդես» պարբերականների 2-ական համարներ, Արվեստի ինստիտուտը հրատարակել է «Արվեստագիտական հանդես» նոր պարբերականի 1 համար:
Բաժանմունքն ակտիվորեն մասնակցել է Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին նվիրված հոբելյանական միջոցառումներին, այդ շրջանակներում կազմակերպել միջազգային գիտաժողովներ («Թումանյանագիտության արդի հիմախնդիրները» /Երևան, 18 փետրվարի/, «Թումանյան – 150» /Երևան, 21-25 հոկտեմբերի, «Կոմիտաս – 150» /Երևան-Արզական, 29-30 հոկտեմբերի, «Ազգային դասականությունը համաշխարհային գեղարվեստական համատեքստում» /Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հետ համատեղ, Մոսկվա, 20-22 սեպտեմբերի/), հրատարակվել են մի շարք գիտական աշխատություններ, որոնք նոր խոսք են թումանյանագիտության և կոմիտասագիտության ասպարեզում:
Ընդհանուր թվով բաժանմունքի գիտական ուղղությունների գծով կազմակերպվել են 31 հանրապետական և 22 միջազգային միջոցառումներ:
Հայագիտության և հասարակական գիտությունների բնագավառում, ինչպես նշվեց հաշվետու զեկուցման մեջ, առկա են հիմնարար կարևորագույն արդյունքներ:
Պատմության ինստիտուտ
«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում (ղեկ.` ակ. Ա. Մելքոնյան) աղբյուրագիտական լայն հենքի վրա ուսումնասիրվել է արևմտահայ հասարակական-քաղաքական կյանքը 1917–1918 թթ., մասնավորապես Անդրկովկասի իշխանությունների՝ Կոմիսարիատի և Սեյմի, հայկական ազգային մարմինների, կուսակցությունների, առանձին անհատների վարած ռազմաքաղաքական գործունեության արդյունքով Էրզրումի պաշտպանության և անկման պատճառների հիմնահարցը:
«Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` պ.գ.դ. Կ. Խաչատրյան) արխիվային փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, մամուլի նյութերի և տարբեր հետազոտողների ուսումնասիրությունների հիման վրա ներկայացվել են ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված տարածքային, ժողովրդագրական, մշակութային և նյութական կորուստները, որոշակիացվել դրանց ծավալներն ու հետևանքները, ինչպես նաև առաջարկներ արվել Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման` հատուցման գործընթացի կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ: Աշխատանքն իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագրի ընդունումից հետո ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական խմբի կողմից:
Արևելագիտության ինստիտուտ
«Թուրքիայի, Իրանի, Կովկասի և Մաշրիքի արաբական երկրների քաղաքական, սոցիալական, մշակութային և էթնիկական պատմության հիմնախնդիրները և Հայաստանը» ծրագրի շրջանակներում (ղեկ.` ակ. Ռ. Սաֆրաստյան) առաջին անգամ ցույց է տրվել, որ Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստումը սկիզբ էր առել դեռևս 1920 թ. փետրվարին՝ Մուստաֆա Քեմալի անձնական նախաձեռնությամբ: Տրվել են նաև Քեմալի գաղափարական հայացքները և քաղաքական գործունեության այն կողմերը, որոնք հնարավորություն են տալիս առավել հիմնավոր պատկերացում կազմելու նրա քաղաքականության իրական շարժառիթների մասին: Այս ամենը, թուրքական սկզբնաղբյուրների մանրակրկիտ քննության հիման վրա, իր տեղն է գտել ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանի հեղինակած մենագրությունում, որտեղ ներկայացվել է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի գործունեությունը 1919-1921 թթ., որը հնարավորություն է տալիս ամբողջականորեն վեր հանելու նաև այդ գործչի ընդգծված հակահայկական, ծայրահեղ ազգայնամոլական հայացքները: Մենագրությունը կարևոր ներդրում է նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հակահայ գործունեության հետագա, ավելի խորը ուսումնասիրման գործում: Ծրագրի շրջանակներում քեմալիզմի և ֆաշիզմի համեմատական հետազոտումը նույնպես նորույթ է թուրքագիտական գրականության մեջ:
«Միջազգային հարաբերությունները Մերձավոր և Միջին Արևելքում, Արևելյան Ասիայում, Հարավային Կովկասում և Հայաստանի Հանրապետությունը» ծրագրի շրջանակներում (ղեկ.` թղթ. անդ. Ն. Հովհաննիսյան) ուսումնասիրման առարկա են դարձել նաև կարևոր արդիական նշանակություն ունեցող մի շարք հիմնախնդիրներ՝ սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում, սիրիացի փախստականների ճգնաժամը և մերձավորարևելյան երկրները վերափոխվող տարածաշրջանային գործընթացներում և այլն: Այս հիմնահարցերի վերաբերյալ հրատարակվել են աշխատություններ, անց են կացվել միջազգային գիտաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, որոնց մասնակցել են նաև մերձավորարևելյան տարբեր երկրների գիտնականներ, վերլուծաբաններ, ՀՀ-ում այդ երկրների դեսպանները, ՀՀ պատկան մարմինների ներկայացուցիչները:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
«Հայ հնագիտության, ազգագրության և բանագիտության արդի և հեռանկարային զարգացման խնդիրներ» ծրագրի շրջանակներում (ղեկ.` ԳԱԱ թղթ. անդ. Պ. Ավետիսյան)
ա. «Հայաստանի պատմամշակութային ժառանգության հնագիտական ուսումնա-սիրություն» ենթածրագրով Հրազդանի կիրճի քարի դարի քարայրներն ուսումնասիրող միջազգային գիտահետազոտական խումբը երկրաքիմիական անալիզների նորագույն մեթոդների կիրառմամբ առաջին անգամ փաստագրել է, որ նեանդերթալյան մարդը ոչ միայն օգտագործել է կրակը, այլև տիրապետել են այն արհեստականորեն ստանալու հմտությանը: Մինչ այս ընդունված էր այն տեսակետը, որ կրակ ստանալն անատոմիապես ժամանակակից մարդու` Homo sapiens-ի «մենաշնորհն» է եղել: Մասնավորապես Լուսակերտ-1 քարայրի մշակութային նստվածքների անալիզներով պարզվել է բազմացիկլիկ անուշաբույր ածխաջրածինների (ԲԱԱ-ներ կամ PAHs) խտությունը, որոնք առաջանում են օրգանական ծագում ունեցող նյութերի այրման ընթացքում: ԲԱԱ-ների մի տիպը,այսպես կոչվող թեթև ԲԱԱ-ները ցրվում են լայն շառավղով և վկայում են վայրի կամ բնական ծագմամբ հրդեհի մասին, մինչդեռ մյուսները, որոնք կոչվում են ծանր ԲԱԱ-ներ, ավելի սահմանափակ ցրում ունեն և կուտակվում են կրակի օջախին շատ ավելի մոտ:
Ինչպես ցույց են տալիս քարայրի նստվածքնրը, մարդկային գործունեության վկայությունների (կենդանիների ոսկրային մնացորդների կուտակումներ, դրանց հարևանությամբ աշխատան-քային գործիք¬ների պատրաստման մասին վկայող գտածոներ) աճող հաճախականությունը համընկնում է կրակի օգտագործման և ծանր ԲԱԱ-ների հաճախականության աճի հետ: Հնակլիմայական տվյալների վերլուծությամբ փաստագրվել է նաև, որ քարայրի հնաբնակ-ները չեն ապրել չոր, բնական հրդեհների համար նպաստավոր պայմաններում:
Կրակի հետ նախամարդու փոխհարաբերության հնագիտական, ածխաջրածնային, իզոտոպային և հնակլիմայական տվյալների այս համալիր ուսումնասիրութ¬յունը, որ հրատարակվել է «Nature Scientific Reports» ամսագրում, վկայում է, որ նեանդերթալյան մարդն արհեստական կրակ է ստացել, ինչը նոր խոսք է մարդագոյացման հիմնախնդիրների ուսումնասիրության ոլորտում (ղեկ.` Բ. Գասպարյան):
բ. Հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրով հաշվետու տարում հայտնաբերվել են Արտաշատի ջրամատակարարման համակարգի մաս կազմող ակվեդուկի հիմնամույթերը: Շուրջ 1 կմ գծի երկայնքով փաստագրված 20 կամարակալները վկայում են աննա-խադեպ ծավալներ ունեցող ինժեներական կառույցի մասին, որն ըստ ամենայնի կառուցվել է 114-117 թթ. Հռոմի Տրայանոս կայսեր կողմից (ղեկ.` պ.գ.թ. Մ. Զարդարյան):
Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
«Ընդհանուր ու համեմատական և կիրառական լեզվաբանության հարցեր» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Համբարձումյան) քննության են ենթարկվել հայերենի և կելտական լեզուների առնչությունները, մասնավորապես հնչյունական և բառային զուգաբանությունները՝ ըստ հրապարակի վրա եղած ուսումնասիրությունների տվյալների: Հայ-կելտական լեզվական առնչություններին նման անդրադարձը խիստ կարևոր է հնդեվ-րոպական լեզուների համեմատական և տիպաբանական ուսումնասիրության համար, մանավանդ՝ հայերենի նախագրային շրջանի պատմության շատ հարցերի նորովի լուսա-բանման տեսանկյունից: Հետազոտության արդյունքներն ամփոփված են Վ. Համբա-ձումյանի «Հայերենը և կելտական լեզուները» աշխատությունում:
«Հայ բարբառների ուսումնասիրություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` բ.գ.դ. Վ. Կատ¬վալյան) մեծ ծավալի աշխատանք է կատարվել բարբառային միավորների ուսում-նասիրությունը համալրելու ուղղությամբ. հետազոտվել և նկարագրվել են Ակնի բարբառի, Տրապիզոնի, Բալլուի, Խուռնավուլի, Կարբիի խոսվածքները, առաջադրվել է բար¬բառային հայերենում հարացուցային հնաբանությունների առանձնացման և մեկնաբանման հարցը, կարևորվել է գեղարվեստական խոսքը իբրև բարբառային լեզվի ուսումնասիրության աղբյուր: Հետազոտությունների արդյունքները ներկայացված են գիտական հոդվածներում և զեկուցումներում:
Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
«Հայ գրականության պատմություն» թեմայի շրջանակներում (ղեկ.՝ բ.գ.դ. Վ. Դևրիկյան) ուսումնասիրվել և հրատարակվել է «Нахичеван в записках европейских путешественников (XIII – XVII вв.) » (հեղ.` բ.գ.թ. Գ. Կարագյոզյան) աշխատանքը: Մենագրության մեջ ցույց է տրվել, թե ուղեգրողները ինչպես են որպես սկզբնաղբյուրներ օգտագործել հայ միջնադարյան գրականության և ժողովրդական ավանդությունների տվյալները: Ընդգծվել է հատկապես այն միտքը, որ եվրոպական ճանապարհորդները Նախիջևանը համարել են պատմական Հայաստանի մասը:
Հավաքվել և առանձին գրքով տպագրվել են Հայոց այբուբենին նվիրված հայ միջնադարյան գրականության մեջ եղած բնագրերը` ըստ ժամանակագրական ընթացքի և ժանրային բաժանման: Ներկայացվող բնագրերը ենթարկվել են պատմագիտական, գրականագիտական և աստվածաբանական վերլուծությունների, ինչպես նաև ուսումնասիրվել են ժամանակի ազգային-քաղաքական ըմբռնումների և միջնադարյան սիմվոլիկայի տեսանկյունից:
Կազմվել և առաջին անգամ հրատարակվել է Հովհաննես Թումանյանի ամբողջական կենսագրությունը /ռուսերեն/ (հեղ.` բ.գ.դ. Ս. Հովհաննիսյան)` սկսած բանաստեղծի տոհմի մասին տեղեկություններից մինչև վախճանմանը հաջորդած հիշատակի խոսքերը: Գրքում Թումանյանի գործունեությունը և գրական ժառանգությունը վերլուծվել է ժամանակի պատմության համատեքստում, որով աշխատանքը ձեռք է բերել նաև պատմագիտական կարևորություն, քանի որ Թումանյանի գործունեության միջոցով ներկայացվել են ժամանակի պատմա-մշակութային, այդ թվում՝ հայ-ռուսական և հայ-վրացական գրական կապերի մի շարք կարևոր իրադարձություններ:
Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
«Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետևանքների գնահատումը և հետագա հնարավոր զարգացումները» թեմայի շրջանակներում (ղեկ.` տ.գ.թ. Լ. Սարգսյան) վերլուծվել է ՀՀ արտահանումը դեպի ԵՏՄ շուկա` ըստ ապրանքների մրցունակության, ինչի արդյունքով բացահայտվել է արտահանման դինամիկայի հստակ արտահայտված միտում. նոր իրողության պայմաններում, շնորհիվ մաքսային և այլ փոփոխությունների մեծացել են ՀՀ ապրանքների համեմատական և մրցակցային առավելությունները ԵՏՄ ընդհանուր շուկայում, ընդլայնվել է ՀՀ արտահանման ծավալը և դիվերսիֆիկացիան: Վերլուծվել է նաև ՕՈՒՆ ներհոսքի դինամիկան` ԵՏՄ անդամակցությունից առաջ և հետո, ինչի արդյունքով պարզվել է, որ ԵՏՄ անդամակցությունը դեռևս որևէ որոշակի ազդեցություն չի ունեցել ՕՈՒՆ ներգրավման վրա և ՀՀ–ում օտարերկրյա ներդրումների ներհոսքը կրում է անկայուն բնույթ։
«Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները արդի տնտեսական և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայի շրջանակներում (ղեկ.` տ.գ.թ. Հ. Մարկոսյան) վերլուծվել են տնտեսական անվտանգության համակարգում էներգետիկ անվտանգության հայեցակարգը, ՀՀ էներգետիկ անվտանգության մարտահրավերները, զարգացման հեռանկարները և կապը էներգետիկ անվտանգության ապահովման հետ։ Բացահայտվել են էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործիքակազմի կիրառման հնարավոր հեռանկարները Հայաստանում։ Կարևորվել է էներգաարդյունավետության և էներգիայի պահանջարկի նվազեցմանն ուղղված ոչ տնտեսական մեխանիզմների ներդրումը։
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
«Հայ իրականության պատմափիլիսոփայական, սոցիալ-քաղաքական և իրավագիտական ուսումնասիրություններ» թեմայի շրջանակներում (ղեկ.` իր.գ.թ. Լ. Ղազանչյան) կատարվել են հետազոտություններ գիտական չորս ուղղություններով /փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավունք, քաղաքագիտություն/:
Իրականացվել են միջգիտակարգային հետազոտություններ` նվիրված արդի «անհատ-պետություն-հասարակություն» փոխհարաբերություններում առկա հիմն-խնդիրներին, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումներին, միգրացիոն գործընթացներին, հայ ընտանիքի ինստիտուտի կայունացմանը, նոր կառավարության քաղաքականության նկատմամբ հասարակական կարծիքի բացահայտմանը, տարածաշրջանում առկա գեոստրատեգիական զարգացումների խորքային գործընթացների վերլուծությանը։
Համակարգված տեսական վերլուծության են ենթարկվել լեզվի և իմաստի կառուցվածքային և գործառութային բազմազան դրսևորումները տարբեր խոսույթներում։
Աշխատանքներ են կատարվել` նվիրված հայ փիլիսոփայության ականավոր գործիչների ժառանգության հայեցակարգերի բացահայտմանն ու հանգամանալից վերլուծությանը: Մասնավորապես, բազմամյա գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքով գիտական հանրությանն են ներկայացվել հայ մանկավարժական մտքի գոհարները՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարը: Հրատարակվել է «Հայ մանկավարժական մտքի անթոլոգիա» մենագրությունը, որտեղ քննարկված, համակարգված և վերլուծաբար ներկայացված են ինչպես հայտնի, այնպես էլ անհիմն մոռացության տրված հայ հոգևոր և աշխարհիկ մտավորականության ներկայացուցիչների մանկավարժական գաղափարները:
Արվեստի ինստիտուտ
«Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում (ղեկ.` թղթ. անդ. Ա. Աղասյան) հայ ականավոր երաժիշտ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ հրատարակվել և հրատարակության են նախապատրաստել մի շարք գիտական աշխատություններ, որոնց արդյունքները նոր խոսք ու կարևոր հանգրվան են կոմիտասագիտության ասպարեզում: «Կոմիտասական» ժողովածուի 3-րդ հատորում (խմբ.՝ արվ.դ. Ա. Ասատրյան), ինչպես և նախորդ երկու հատորներում, ընդգրկվել են հոդվածներ և ուսումնասիրություններ՝ նվիրված Կոմիտասի կյանքին, նրա ստեղծագործությանը, երաժշտագիտական հետազոտություններին ու կատարողական արվեստին: Արժևորվել է Կոմիտասի ժառանգության դերն ու նշանակությունը հայ երաժշտարվեստի հետագա զարգացման գործում: Բացահայտվել է Կոմիտասի կերպարը ոչ միայն հայ երաժշտության, այլև գրականության մեջ և կերպարվեստում:
Հայ արվեստաբանության մեջ առաջին անգամ հանգամանորեն ուսումնասիրվել են հայ կերպարվեստում Կոմիտասին նվիրված մի քանի տասնյակ ստեղծագործություններ, այդ թվում՝ Հայաստանում և այլ երկրներում տեղադրված, նրա հիշատակը հավերժացնող հուշարձանները: Լույս է տեսել թղթ. անդ. Ա. Աղասյանի «Կոմիտասը հայ նկարիչների և քանդակագործների աչքերով» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը, որտեղ ներկա¬յացված աշխատանքներն ունեն ինչպես գեղարվեստական ակնհայտ ար-ժանիքներ, այնպես էլ պատմամշակութային և վավերագրական նշանակություն:
Հրատարակվել է թղթ. անդ. Վ. Ղազարյանի և արվ.դ. Հ. Հակոբյանի «Հայկական մանրանկարչություն. սկզբնավորումն և զարգացման ընթացքը» մենագրությունը, որտեղ հեղինակներն անդրադարձել են հայկական մանրանկարչության առավել արժեքավոր նմուշներին, բացահայտել դրանց թեմատիկ, պատկերային ու ոճական առանձնահատկությունները, շրջանառության մեջ դրել նորահայտ նյութեր:
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
«Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-2» թեմայի (ղեկ.՝ պ.գ.թ․ Ա. Հայ¬րապետյան) շրջանակներում՝
ա. Մեծ Սեպասարում պեղումների արդյունքով հայտնաբերվել են ամպրոպի աստ-ծուն և պտղաբերության աստվածուհուն խորհրդաշող կոթողներ, որոնց ծիսական խորհուրդը աշխարհի բնականոն և անխափան գոյատևման ապահովումն էր, ինչը իրականացվում էր առ երկինք ուղղված նվիրաբերում-զոհաբերություններով՝ երկրի վրա մարդկանց, կենդանիների ու հողի համար պտղաբերում և հովանավորություն ստանալու նպատակով:
Ազատանի ամրոց-բնակավայրդաբարանադաշտի արևելյան հատվածում հայ-գերմանական համատեղ արշավախմբի կատարած պեղումների արդյունքով հայտնաբերվել է աքեմենյան ժամանակաշրջանին բնորոշ, բարձրորակ, ջարդված խեցեղեն և բաժակներ, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Աքեմենյան թագավորության վերելքի շրջանում ազատանցիների վերնախավը փորձել է ընդունել զավթիչների կենսակերպը:
բ. Հիմնովին ժխտվել է արևելագիտության մեջ իշխած այն կարծիքը, թե Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան կեսի բնակիչ ցեղերի մեծ մասը նախաուրարտական և ուրարտական դարաշրջաններում ունեցել են խուռիական ծագում կամ ազգակից են եղել խուռիուրարտական ցեղերին և նույնիսկ ունեցել են (գոնե մասամբ) քարթվելական ծագում: Տե-ղանվանական տվյալները և դրանցում արտացոլված պաշտամունքային ոլորտի պատկերացումները խոսում են տեղի բնակչության հնդեվրոպական ծագման մասին:
«Հայկական հանրագիտարան» հրատարակչություն
«Հրատարակվել է «Հայ երաժշտության հանրագիտարանը» (ղեկ.` ք.գ.դ. Հ. Այվազյան):
Բաժանմունքի գիտական հաստատությունները կատարել են նաև կիրառական բնույթի ծավալուն աշխատանքներ, մշակել բազմաթիվ առաջարկներ, պատրաստել մի շարք գիտավերլուծական նյութեր, որոնք ներկայացվել են համապատասխան գերատեսչական մարմիններին:
Բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախանշվեցին բաժանմունքի կազմում ընդգրկված գիտական հաստատությունների առաջիկա անելիքները:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.05.2020թ.
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
20:03 26-03-2019
ՀՀ ԳԱԱ-ն ամփոփել է 2018թ-ի գիտակազմակերպական գործունեության արդյունքները
Այս բաժնից
676 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
766 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
913 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը