Անի Մանուկյան. Քաղաքի փողոցների ողբալի վիճակը լուրջ հարցեր է առաջացնում
Անի Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արամ Խաչատրյան-Վաղարշյան խաչմերուկում արդեն ամիսներ հսկայական փոսեր են։ Ավետիսյան փողոցում մեքենա կոտրելն ավելի հեշտ է քան չկոտրելը։
Ընդհանրապես քաղաքի փողոցների ողբալի վիճակը լուրջ հարցեր է առաջացնում։ Դե գծանշումների մասին արդեն չենք էլ համարձակվում երազել։ Լավ, մինչև ե՞րբ»:
Օգտատիրոջ գրառմանը արձագանքել է Արաբկիր վարչական շրջանի մամլո ծառայությունը.
«Հարգելի՛ քաղաքացիներ, ոչ միայն Արաբկիրում, այլև ողջ մայրաքաղաքում արդեն տասն օրից ավելի դադարեցված են ասֆալտապատման աշխատանքները:
Պատճառը տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության անբարեխիղճ աշխատանքն է, մասնավորապես՝ փաստաթղթերի կեղծումը:
Երևանի քաղաքապետարանի կողմից կասեցվել է կառույցի գործունեությունը, և քանի որ առանց տեխհսկողության ասֆալտապատման աշխատանքների արդյունքները չեն կարող ընդունվել և ֆինանսավորվել, այդ իսկ պատճառով ասֆալտապատում իրականացնող ընկերությունները ևս դադարեցրել են աշխատանքը:
Այս պահին հայտարարված է տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության նոր մրցույթ, որի կայացման արդյունքում միայն հնարավոր կլինի վերսկսել ասֆալտապատման աշխատանքները»: