211652_close_icon
views-count3753 դիտում article-date 10:33 22-05-2020

Արմեն Խոստիկյան. փոքր դերերի մեծ վարպետը. TV Մոլ

Տարօրինակ է, բայց նա ոչ բեմում, ոչ էլ կինոյում գլխավոր դերեր չխաղաց: Խաղաց նաև դրամատիկ դերեր, սակայն մարդկանց հիշողության մեջ մնաց որպես կատակերգակ ու իմպրովիզացիայի վարպետ: Բավական էր երևար բեմում, ժողովուրդն արդեն ծիծաղում էր: Արմեն Խոստիկյանն այս օրերին կդառնար 90 տարեկան: Դու մի ասա… Ծնողների միակ զավակն էր, երկար սպասված և ուշացած երեխա: Երբ ծնվեց, հայրը հիսուն տարեկան էր: «Նա գրկել է բարուրը և ինձ ու մորս կառքով հանդիսավոր տուն բերել: Հարևաններն ուզել են տեսնել` ինչպիսի երեխա եմ: Ու երբ բարուրը բացել են… երկու տոտիկ են տեսել,- իրեն հատուկ հումորով պատմել է դերասանը,- դու մի ասա` հայրս ուրախությունից շփոթվել ու բարուրը թարս էր բռնել»: Հայրը` Միսաք Խոստիկյանը, Գերմանիայում և Շվեյցարիայում կրթված փիլիսոփայության դոկտոր էր: «Ազգի դավաճանի» խարանը այս երևելի մտավորականի ճակատին դնելով` 1938-ին աքսորեցին, հետո գնդակահարեցին: Մայրը` Օլգան, որ լեզվաբան-բանասեր էր ու դասախոսում էր պետհամալսարանում, իր 8-ամյա որբացած որդուն միայնակ մեծացրեց: Արմենն իր դերասանական շնորհն առաջին անգամ ցուցանել է մանկապարտեզում: Խաղում էր մի ներկայացման մեջ, և հայրն ընկերների հետ գնացել էր դիտելու: «Միսաք, տղադ դերասան է դառնալու»` մարգարեացել են ընկերները: Հայրը տարակուսել է` ինչպե՞ս կարող է մեր որդին դերասան դառնալ: Ծնողներն ուզում էին, որ տղան բժիշկ դառնար: Բժշկականում սովորեց ընդամենը մի տարի. ինստիտուտում էլ արտասանել էր, կուրսեցիներն ասել էին` Արմեն, դու դերասան ես, գնա թատերական: Թատրոնը սիրում էր, ինչպես աշխարհում ոչինչ և 1947-ին ընդունվեց թատերական ինստիտուտ: «Դե ասա ու գնա» Մինչև կյանքի վերջը Արմեն Խոստիկյանը խաղաց Սունդուկյանի բեմում: Հանդիսատեսը նրան չտեսավ գլխավոր դերերում: Փոքր դերերի մեծ վարպետ էր, խփում էր նշանակետին` ճիշտ ու հստակ: Փոքր, էպիզոդիկ դրվագում անգամ սիրելի դարձավ, սեր ու ճանաչում վայելեց: Փոքր դերն այնպես կարող էր ծաղկացնել, որ հանդիսատեսն ավելի էր հիշում, քան գլխավոր կերպարին: Ահա մի դեպք, որ կինն է պատմել` Աղավնի Կոշկարյանը: Ուշ երեկոյան տուն դառնալիս մի խումբ երիտասարդներ կտրում են դերասանի ճանապարհը և ուժով պահում նրան: Կարծում է` իր նոր վերարկուն են ուզում տանել: Իսկ սրանք թե` հլը մի հատ ասա… էն ոնց էիր ասո՞ւմ… Գլխի չի ընկնում` ում է ասել, ինչ է ասել: Կրկնում են` էն ոնց էիր ասո՞ւմ` զահրումա՜ր, դավաճան հայվան, դե ասա ու գնա: Մամիկոնի դերը «Ոսկե ցլիկ» հեռուստաֆիլմում նրա առաջին կինոդերն էր, որը տասնամյակներ անց էլ ժողովուրդը հիշում է ու կրկնում թևավոր դարձած խոսքը: Այս ֆիլմից հետո փողոցով քայլել չէր լինում` Ոսկե ցլիկը, հա Ոսկե ցլիկը: Մի օր կինը զարմանքով ասել է` իրար վրա դրած` դերդ մի 2-3 նախադասություն է: Պատասխանել է. «Եթե ժողովուրդը դերասանին ընդունի, 2-3 բառով էլ կընդունի»: Այսպես ժողովուրդը յուրովի ընդունեց նրա յուրաքանչյուր դերը 40-ի հասնող ֆիլմերում. «Մոր սիրտը», «Շրթներկ համար 4», «Նվագախմբի տղաները» (Մասխարա Զավենին ո՞վ կմոռանա), «Մեր բակը»… «Բա քո արածն արա՞ծ էր» Ավելի քան երկու տասնամյակ եղել է ամանորյա հեռուստածրագրերի սիրված հերոսներից: Խոստիկյանի մասնակցությամբ այս կամ այն մանրապատումը տոն էր հեռուստադիտողի համար: Մի տարի ԱՄՆ-ում էր ու չէր մասնակցել տարեմուտի հաղորդմանը: Որոշ ժամանակ անց նրան փողոցում մի մարդ է մոտեցել ու վրդովված-նեղսրտած ասել. «Խոստիկյան ջան, բա քո արածն արա՞ծ էր, նոր տելեվիզոր էի առել, որ Նոր տարվա հաղորդման մեջ քեզ տեսնեմ, ու դու չկայիր…»: 1990-ականների կեսից դերասանի համար հեռուստատեսությունը նոր հանգրվան դարձավ, ու էդ ժամանակ էլ ծնվեց Արմեն Խոստիկյան-Աշոտ Ղազարյան դուետը: Սցենար գրող չունեին: Կզանգահարեր Աշոտ Ղազարյանին` վեր կաց, արի, մի քիչ անտերուդուս խոսենք: «Խոսում էինք, զրուցում, իմպրովիզացիաներ անում, ու մտքեր էին ծնվում, որոնք դառնում էին հումորային համարներ,- պատմում է Աշոտ Ղազարյանը: – Երբեմն ամանորյա հաղորդման սցենար չի եղել, թեմա չի առաջարկվել, և Արմենի ֆանտաստիկ երևակայությամբ, երկխոսության գյուտ անելու աներևակայելի վարպետությամբ եթերը լցվել է հումորային համով կատարումներով: Կգտներ դրվագի կարևոր առանցքը, որի շուրջը մի ամբողջ ներկայացում կարելի էր կառուցել: Վարդան Աճեմյանն իզուր չի ասել` Խոստիկյանի շուրջը 4 մետր շառավղով հմայք կա»: Չկար մի գյուղ ու շեն, որտեղ խաղացած չլիներ այս դուետը: Ու ինչպե՜ս էին սպասում դերասանին: Պատահում էր, հիվանդության պատճառով ներկա չէր լինում համերգին, մարդիկ նեղվում էին` առանց Խոստիկյանի ի՞նչ ներկայացում: «Մենք ապրում էինք սիրեկանների պես» Կատակերգակ Արմեն Խոստիկյանին բոլորն են ճանաչում: Չափազանց լուրջ մարդ Խոստիկյանին քչերը գիտեն: Կյանքում երկու մեծ սեր ունեցավ` թատրոնը և ընտանիքը: «Ես չգիտեմ` Արմենի համար թատրո՞նն էր ընտանիքից առաջ, թե՞ հակառակը»,- ասում էր կինը: Նրա խոսքով` պահպանողական մարդ էր, որպես ամուսին` միասեր: Ամբողջ կյանքում չհաշտվեց կնոջ աշխատելու հետ: Ասում էր. «Մենք ապրում ենք սիրեկանների պես. հանդիպում ենք գիշերը ժամը 11-ին, երբ գալիս եմ թատրոնից, քնում ենք, առավոտյան արթնանում ենք, Աղունն ասում է` ես գնացի: Ո՞վ է տեսել` ամուսինն անկողնում, կինը տնից գնա»: Առաջնեկի` դստեր ծնվելուց հետո երկու օր լռել էր, ապա մի ջերմ նամակ գրել ծննդատանը գտնվող կնոջը: Հետո պարզվել էր, որ շոկի մեջ է եղել` ախր ինքը ինն ամիս տղայի էր սպասել: Կնոջից մի դժգոհություն էլ ուներ: Երեխաներ շատ էր սիրում և ուզում էր էլի ունենալ, կինը չեմուչում էր անում, գիտությամբ էր զբաղված, ասում էր` դիսերտացիայի պաշտպանության վրա եմ: Երբեմն պատշգամբից նայում էր բակում խաղացող իրենց զավակներին ու ձայնում էր կնոջը` Աղո՛, Աղո՛, արի տես, դիսերտացիաներդ ոնց են վազվզում: «Ինձ սիրում են, շնորհակալ եմ» Կենցաղում հարմարվող, չդժգոհող մարդ էր: Կինն ինչ էլ դներ սեղանին, լավ ու վատ չէր անի: Իսկ երբ տնեցիք ուզեին մի նոր իր առնել, ասում էր` ինչի մերը լավը չի՞: Սիրում էր, որ երբ տուն գար, իրեն ուշադրություն դարձնեին: Կգար, մարմնով կփակեր հեռուստաէկրանը, իբր` եկել եմ, մի քիչ էլ ինձ նայիր: Տիկին Աղունը խնդրում էր` էս պահը նայեմ ու… Մեկ էլ գնում, հաշվիչից լույսն անջատում էր ու լուրջ դեմքով նստում: Պարզությունն ու միամտությունն էլ տեղով հումոր էր: «Մի անգամ Արմենին ասացի` ընկերուհուս ամուսինն իր տաբատն ինքն է արդուկում, տան այս ու այն գործերը հոգում է: Ասաց` է՜, Աղո ջան, էնտեսակ լավ ամուսիններ կա՜ն»,- պատմել է կինը: Խոստիկյանին ճանաչողները ամենից առաջ նրա բարությունն են հիշում: Մարդկանց ուրախացնելու մղումը ողջ կյանքում նրանից անպակաս եղավ: Երեխայի պես ուրախանում էր` ինձ սիրում են, շնորհակալ եմ: Միայն մի անգամ տխրեցրեց մարդկանց` երբ հեռացավ… Ուզում էր, որ երկու զավակները` Օլգան ու Միսաքը (նրանց իր ծնողների անունով էր կոչել), դերասան դառնան: Այդպես չեղավ, դուստրը երաժիշտ է, որդին` ճարտարապետ: Ապրում են խոստիկյանական իրենց տեսակի հաստատումով: Բոլորն են ասում` երկուսն էլ այդ գեների կրողն են, տեսակի կրկնությունը` ազնիվ ու բարի: Ամբողջությամբ՝ [url=https://blog.168.am/blog/220768.html?fbclid=IwAR2nz7Vq71EPWuQKxDKcoGGvGCppPpPk04IafjrdIVdP6T9jRzreqO_kZrM]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր