211652_close_icon
views-count933 դիտում article-date 13:54 15-05-2020

Նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռ կայացնելու գործընթաց. հայտարարություն

Երկու տասնյակից ավելի քաղաքական եւ հանրային գործիչներ հանդես են եկել ազգային-ժողովրդավարական բեւեռ կայացնելու վերաբերյալ Հռչակագրով: Ստորեւ ներկայացնում ենք տարածված հայտարարությունը: «ՀՌՉԱԿԱԳԻՐ Ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացման եւ գործունեության մասին Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, նկատի ունենալով, որ դրանք համավարակի պատճառով ահագնանում ու կուտակվում են, ինչի հետեւանքով կարող են գոյութենական ճգնաժամ առաջացնել ազգի ու պետականության համար, փաստելով, որ մենք դեռեւս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք եւ դրա ծանր հետեւանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձեւով, արձանագրելով, որ գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք եւ կարողություն, նշելով, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է եւ ունակ չէ ձեւավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը, համոզված լինելով, որ ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձեւաչափով, նպատակ ունենալով հաղթահարելու ճգնաժամը՝ ստեղծելով ինքնիշխան, ժողովրդավարական եւ կենսունակ պետության կայացման պայմաններ ու նախադրյալներ, մենք՝ ներքոստորոգրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բեւեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով: Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետեւյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձեւավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականանցմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը: Մեր համոզմամբ` հակաճգնաժամային անցումային ծրագիրը պետք է հիմնվի հնարավորինս լայն համազգային համաձայնության ու ներառականության վրա եւ պետության ինքնիշխանության ամրապնդման ու Արցախը ներառող միասնական կառավարման համատեքստում առաջնահերթորեն նախատեսի հակաճգնաժամային հետեւյալ համակարգային միջոցառումները եւ փոփոխությունները. առողջապահական, պարենային, էներգետիկ ու պաշտպանական անվտանգության, ինչպես նաեւ լայնածավալ հայրենադարձության նախադրյալների ու պայմանների ապահովում, անցյալի իրավաքաղաքական գնահատական, իրավաքաղաքական գնահատականից բխող անցումային արդարադատություն, այդ թվում. - քրեական արդարադատություն, - լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական եւ գործակալական, ինչպես նաեւ որպես հետեւանք՝ նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեության եւ դրանց պարագլուխների հանրային գործունեության արգելում, իրավաքաղաքական գնահատականի հաշվառմամբ Նոր Սահմանադրության մշակում եւ ընդունում, Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն եւ դրանց հիման վրա արտահերթ ընտրությունների անցկացում: Մեր պատկերացմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը եւ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաեւ արտահերթ ընտրություններով ձեւավորված իշխանության գործունեությամբ: Ընդգծում ենք, որ սույն Հռչակագրին միացած քաղաքական ուժերն ու գործիչները հակաճգնաժամային անցումային ծրագրի մեկամյա ժամկետի ավարտին նախատեսվող արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ են լինելու իրենց գործողությունների ձեւաչափն ընտրելու հարցում: Կոչ ենք անում ազգի եւ պետականության առջեւ ծառացած լինել-չլինելու հրամայականը գիտակցող ուժերին ու գործիչներին համախմբվելու ազգային-ժողովրդավարական բեւեռում՝ միանալով նախաձեռնած գործընթացին: 15 մայիս 2020 թ., Երեւան Ազատ Օրդուխանյան Ալբերտ Բաղդասարյան Արա Պապյան Արկադի Վարդանյան Արմենակ Կյուրեղյան Գագիկ Ավագյան Գարեգին Չուգասզյան Գարիկ Խաչատրյան Դավիթ Դավթյան Դավիթ Գյուլզադյան Եղիշե Պետրոսյան Էմիլ Աբրահամյան Ժիրայր Սէֆիլյան Կարեն Բալայան Կարո Եղնուկյան Հայկ Մարտիրոսյան Հարություն Կարապետյան Մուշեղ Շուշանյան Նարինե Դիլբարյան Շանթ Ոսկերչյան Վահան Արծրունի Վարդան Հակոբյան Վարդան Հայկազյան Վարուժան Ավետիսյան Վոլոդյա Ավետիսյան Տիգրան Խզմալյան

Նմանատիպ նյութեր