211652_close_icon
views-count774 դիտում article-date 23:40 14-05-2020

Արտերկրում գտնվող և զորակոչից տարկետում չստացած քաղաքացիները ժամանակին վերադառնալու և քրեական պատասխանատվության չենթարկվելու խնդիր ունեն. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ՝ նոր կորոնավիուսային վարակի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված զորակոչիկների շրջանում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ: Այս անգամ ՀՔԱՎ է դիմել քաղաքացի, որը գտնվում է արտերկրում եւ տարկետման ժամկետը լրանալուց հետո սահմանների փակ լինելու, չվերթների բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ ներկայանալու զինվորական կոմիսարիատ եւ անցնելու համապատասխան բուժզննություն: Ստացվում է, որ զորակոչիկ հանդիսացող բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ հետագայում կհայտարարվի հետախուզում, չնայած այն հանգամանքին, որ չեն ներկայացել՝ ոչ իրենց մեղքով եւ չեն խուսափել զինվորական ծառայությունից: Հաշվի առնելով նշվածը՝ գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է իրազեկեն զորակոչիկներին եւ համապատասխան դեսպանությունների միջոցով ապահովեն զորակոչիկ հանդիսացող քաղաքացիների վերադարձը, իսկ անհնարինության դեպքում նման քաղաքացիներին համապատասխան կարգի սահմանմամբ տրամադրեն տարկետում՝ մինչեւ իրավիճակի փոփոխությունը: Նշենք, որ ավելի վաղ միայն Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն էր հայտարարություն տարածել այն մասին, որ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, իրենց տվյալները կարող են ուղարկել դեսպանություն։ Այնուամենայնիվ մեր ստացած տեղեկությունը ցույց է տալիս, որ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի բարեխիղճ քաղաքացիները չենթարկվեն անհիմն քրեական հետապնդման։

Նմանատիպ նյութեր