211652_close_icon

Ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար. «Փաստ»

views-count2374 դիտում article-date 10:02 12-05-2020
«Փաստ» թերթը գրում է. «Երիտասարդական պալատը վերականգնելու համար նախորդ տարի քաղաքացիական նախաձեռնություն էր ստեղծվել, որտեղ ընդգրկվել էին տարբեր բնագավառների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: 2019թ. ամռանը ժողով էր եղել, որտեղ այս հարցով մշտական զբաղվելու որոշում էր կայացվել: Այս մասին «Փաստի» հետ զրույցում պատմեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս ներգրավված է աշխատանքներում: Սա միայն նախապատմությունն էր: Մեր զրույցի թեման այն արդյունքն է, որին արդեն այս փուլում հասել են նախաձեռնության անդամները: Օրերս Երիտասարդական պալատի վերականգնման եռաչափ մոդելն է ներկայացվել, որի հեղինակը «A3 Architects» ճարտարապետական արվեստանոցն է: Հեղինակները դեռ չեն հաշվարկել, թե որքան գումար և ժամանակ է պետք Երիտասարդական պալատի վերականգնման համար: «Մենք այդ փուլին դեռ չենք մոտեցել, որովհետև իրականում կան բազմաթիվ խնդիրներ: Այդ տարածքը օգտագործելու ժամանակ բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Այդ բարձունքը խիճ աղալու հետևանքով մոտ 10-12 մետր իջել է: Կա խնդիր այդ բարձունքը նաև վիզուալ տեսքով վերականգնելու առումով: Բացի այդ, կան մի շարք փոխկապակցված խնդիրներ, որոնք դեռ հնարավորություն չեն տալիս վերջնական հասկանալ, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ: Բայց մենք կմոտենանք այդ փուլին: Երբ վերսկսենք մեր աշխատանքները, ուսումնասիրությունների արդյունքում կկարողանանք հայտարարել, թե որքան գումար և ինչ ժամկետներ են անհրաժեշտ Երիտասարդական պալատը վերականգնելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը: Անահիտ Թարխանյանը նշեց, որ վերջերս Երիտասարդական պալատի վերաբերյալ իրենց հիացմունքն են հայտնել նաև օտարերկրյա մասնագետները: «Հայկական մոդեռնիզմի թանգարանի բացման նախօրեին Շվեյցարիայից շատ մեծ խումբ ճարտարապետներ էին ժամանել Հայաստան: Երբ նրանք թանգարանում տեսան Երիտասարդական պալատի նկարները, ասացին՝ «Երիտասարդական պալատը քանդելը հավասարազոր կլիներ Էյֆելյան աշտարակը քանդելուն»։ Հիմա դժվար է հասկանալ, թե հատկապես որոնք էին այն հիմնական պատճառները, որ այդքան սիրված դարձրին շինությունը: Դժվար է ասել, բայց այն իսկապես խորհրդանիշ դարձավ ու առաջին իսկ օրվանից սիրվեց ժողովրդի կողմից: Երիտասարդական պալատի այդ կարևորությունը մենք այսօր էլ ենք զգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր