211652_close_icon

Դատարաններում քաղաքացիական և վարչական գործերի քննության համար կսահմանվեն հստակ ժամկետներ

views-count658 դիտում article-date 20:06 05-02-2026
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարաններում սահմանել քաղաքացիական եւ վարչական գործերի քննության հստակ ժամկետներ` վեց ամիս:

Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը փետրվարի 5-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախարարի խոսքով ըստ նախագծի՝ դատարանները միայն պատճառաբանված որոշմամբ կարող են երկարաձգել այդ ժամկետները, բայց ոչ ավելի, քան երկու անգամ քաղաքացիական դատավարությունում եռամսյա, իսկ վարչական դատավարությունում վեցամսյա ժամկետներով:
Օրենսդրական կարգավորմամբ կկանխվեն գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին ու պարտականություններին առնչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը:

Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ խոսել են դատավորների հետ, ներկայացվող ժամկետներն իրատեսական են:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր