Վահագն Վարագյան. Ո՞ւմ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անցած տարի գործող վարչախումբը փորձեց լուծել Ամուլսարի թնջուկը` պատվիրելով «Էլարդ» ընկերությանն ուսումնասիրել «Լիդիանի» կատարած ՇՄԱԳ-ը: Այսինքն` մի քանի փաստաթուղթ կարդալու համար ՀՀ կառավարությունը հարկատուների փողերից «Էլարդ» ընկերությանը վճարեց մոտ 450.000 դոլար:
Այնինչ վերջում այս կազմակերպությունը հայտարարեց, թե ուսումնասիրել է «Լիդիանի» ՇՄԱԳ-ը և չի կարող պատասխանել հարցին` արդյոք բնապահպանական տեսանկյունից անվտանգ է Ամուլսարի շահագործումը: Այս հանճարեղ «ուսումնասիրության» և պատասխանի համար Հայաստանի հարկատուները 450.000 դոլար են վճարել:
Համավարակի այս օրերին, երբ վարչախումբը չի կարողանում աղետի շեմին հասած մարդկանց սոցիալական խնդիրները լուծել և միաժամանակ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հիանալի կլիներ, որ իր վերահսկողական լծակներով ևս մեկ անգամ ուսումնասիրեր, թե ի վերջո ո՞ւմ գրպանը հոսեց այդ 450.000 դոլարը:
Ի դեպ, հենց ներկա վարչախմբի շահերից է բխում, որ այդ հարցը բացահայտվի հիմա ու, եթե ճիշտ են օդում կախված լուրերը, ապա այդ գումարը հիմա վերադարձվի պետական բյուջե: Հատկապես, որ հազարավոր մարդիկ այսօր ցամաք հացի խնդիր ունեն և այդ գումարով կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել: Որովհետև հաջորդ իշխանությունն անպայման գնալու է այս թեմայի հետևից և, ամենայն հավանականությամբ, մարդիկ են հայտնվելու ճաղերի հետևում: Հիշեʹք, պարոնաʹյք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»: