211652_close_icon
views-count3917 դիտում article-date 09:37 07-05-2020

Տիգրան Սարգսյանին կհրավիրեն ԱԱԾ՝ հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահները ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին առաջիկայում կհրավիրեն հարցաքննության: Քրեական գործը, որում շոշափվում է Տիգրան Սարգսյանի անունը, կապված է Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ: Այս գործում դերակատարում ունի նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար: Սակայն նախկինում տարված քննության արդյունքներով՝ գործով ամբաստանյալ դարձավ գործարար Աշոտ Սուքիասյանը և տարիներ առաջ ցուցմունքներ տվեց, թե առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, փաստաբանի խորհրդով նրանց օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները, որպեսզի իր ձեռքից ընկերությունը չվերցնեն: Իսկ արդեն հետհեղափոխական Հայաստանում, երբ գործը քննվեց այլ մոտիվացիայով, ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց և հայտնեց, թե ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջինս 2010 թվականի ամռանը, իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում՝ իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքով թաքցրել և խեղաթյուրել է դրա տեղաշարժն ու պատկանելիությունը: Հասկանալի է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք էր գնում օֆշորային այդ աղմկալի պատմության մասին, որի շրջանակներում 6 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Սուքիասյանը արդարացվեց և ազատ արձակվեց: Հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իրավապահների կողմից հարցաքննության կհրավիրվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առայժմ վկայի դատավարական կարգավիճակով: Երեկ մեր բոլոր փորձերը՝ Տիգրան Սարգսյանի հետ զրուցելու, ապարդյուն անցան: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ՝ երբ, ինչ կարգավիճակով է Տիգրան Սարգսյանը հրավիրվելու հարցաքննության, սակայն ԱԱԾ-ից ավելի ուշ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է. կսպասենք պատասխանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր