Կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ են. Hayzinvor.am
[url=http://www.hayzinvor.am/75063.html?fbclid=IwAR1p_wP2UJFGwLAZ6zpVQCm0Jrs8m7xDxhmvc98DUS2KMHy7Pad5TGEg1Kk]Hayzinvor.am[/url]-ը զրուցել է զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանի հետ.
[b]-Պարոն գնդապետ, ինչպե՞ս է կանխարգելվում նոր թագավարակի (կորոնավիրուս) տարածումը Ձեր զորամասում, ի՞նչ լրացուցիչ սանիտարահիգիենիկ միջոցառումներ են իրականացվում:
[/b]
-ԶՈւ գլխավոր շտաբի պետի և ԶՈւ ՌԲ վարչության պետի և ԲԿ հրամանատարի հրամաններն ու հրահանգները՝ կապված թագավարակի տարածումը կանխարգելելու հետ, կատարվում են լիովին: Զորամաս մտնող բոլոր սպաները, ենթասպաները՝ ամբողջ անձնակազմը, հսկիչ-անցագրային կետում ջերմաչափվում են, զորամասի բուժծառայության աշխատակիցները շնչառական հիվանդությունների որևէ ախտանշան հայտնաբերելիս անմիջապես զեկուցում են ինձ, և տվյալ աշխատակիցը ազատվում է ծառայությունից, գնում է տուն և ծառայության է վերադառնում միայն ապաքինվելուց և բոլոր ախտանշանները վերանալուց հետո: Հավելեմ, որ հիվանդ զինծառայողը տանը բուժվում է զորամասի բուժծառայության անձնակազմի հսկողությամբ: Ամեն օր բուժծառայության զինծառայողը այցելում է նրան, ջերմաչափում, հսկում բուժման ընթացքը:
Անձնակազմը հսկիչ-անցագրային կետում ախտահանում է ձեռքերը, նոր միայն մտնում զորամաս: Հսկիչ-անցագրային կետում աշխատող անձնակազմը ծառայությունը տանում է դիմակներով: Զորամաս մտնող բոլոր մեքենաները նախապես ախտահանվում են: Իսկ զորամասի ամբողջ տարածքը ախտահանվում է օրը երկու անգամ: Զորամասում զինծառայողները ձեռքերը լվանում ու ախտահանում են ոչ միայն ուտելուց առաջ, այլև որոշակի պարբերականությամբ: Զինվորներին օրվա ընթացքում մի քանի անգամ թեյ ենք տալիս, քանի որ տաք հեղուկը որոշ չափով կանխարգելում է շնչառական վարակները: Արգելված են զինվորների տեսակցությունները ծնողների կամ հարազատների հետ: Վերջիններիս միջոցով սնունդ կամ որևէ այլ իր չի մտնում զորամաս: Չեղարկված են զինվորների արձակուրդները: Նրանց կապը դրսի աշխարհի հետ հասցված է նվազագույնի:
[b]-Իսկ ինչո՞ւ չեք ասում՝ լիովին վերացած է:
[/b]
-Որովհետև զինվորները շփվում են սպաների, ենթասպաների և մյուս զինծառայողների հետ: Նաև՝ այն քաղաքացիական անձանց հետ, որոնք կազմակերպում են զինվորների սնունդը: Վերջիններս ջերմաչափվում են և՛ իրենց հիմնարկներում, որտեղից բերում են սնունդը, և՛ զորամասում: Զորամասի տարածքում նրանք դիմակ են կրում:
[b]-Ինչպե՞ս արձագանքեցին զինվորներն ու հատկապես նրանց ծնողները առկա սահմանափակումներին:
[/b]
-Ես պիտի շնորհակալություն հայտնեմ մեր զինվորների ծնողներին՝ քաղաքացիական բարձր գիտակցության և փոխըմբռնման համար: Նրանք անվերապահորեն ենթարկվեցին սահմանված կարգուկանոնին, ոչ մեկը չփորձեց խախտել այն, իրենց որդիների հետ տեսակցելու կամ նրանց սնունդ ուղարկելու համար ինչ-ինչ ճանապարհներ չփնտրեցին:
[b]-Ի տարբերություն զինվորների, պայմանագրայինները սերտ շփում ունեն դրսի հետ, քանի որ մարտական հերթապահությունն ավարտելուց հետո գնում են տուն…
[/b]
-Մարտական հենակետերը ախտահանվում են օրը երկու անգամ, պայմանագրայինները ամեն օր ջերմաչափվում են, օրվա ընթացքում ձեռքերը բազմիցս ախտահանում են համապատասխան լուծույթով, շնչառական հիվանդության չնչին ախտանշան ունենալու դեպքում ազատվում են ծառայությունից: Սկզբնական շրջանում վարակի տարածման մեծ օջախներում բնակվող պայմանագրայինները առհասարակ ազատվեցին ծառայությունից: Պայմանագրայինների գումարտակները տեղակայված են զորամասի տարածքից դուրս: Նրանք զորամաս չեն մտնում, հավաքները կազմակերպվում են դրսում: Սրանք թագավարակի տարածումը կանխարգելող լրացուցիչ միջոցառումներ են:
[b]-Սթրեսը, կապված թագավարակի տարածման և դրա ծանր հետևանքների հետ, բնորոշ է ամբողջ մարդկությանը: Այսօր տարբեր երկրների համապատասխան մասնագետները հատուկ ծրագրեր են մշակում՝ մարդկանց հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: Ծառայությունը, ռեժիմը ինքնաբերաբար հոգեկան լարվածություն են առաջացնում, եթե սրան հավելենք նաև թագավարակի հետ կապված ապրումները, ապա զորքերում հոգեբանական ապահովման ոլորտում նոր միջոցառումների անհրաժեշտությունն ակնհայտ է:
[/b]
-Մենք առաջին հերթին փորձում ենք անձնակազմին, հատկապես՝ զինվորներին, զերծ պահել չստուգված աղբյուրների տեղեկատվությունից և ներկայացնել ճշմարտությունը: Միևնույն ժամանակ, բացատրում ենք, որ ճիշտ կենցաղավարությունը, սանիտարահիգիենիկ հրահանգների պահպանումը հնարավորություն կտա խուսափել վարակից: Զինվորները ավելի շատ անհանգստացած են ոչ թե իրենց, այլ իրենց ընտանիքի անդամների ու հարազատների համար: Նրանք տեսնում են, որ զորամասում արվում է հնարավորը՝ վարակից խուսափելու համար: Մենք նրանց թույլ ենք տալիս պարբերաբար զանգել ծնողներին, տեղեկություն ստանալ ընտանիքի անդամների առողջության մասին: Սա էապես մեղմում է լարվածությունը:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayzinvor.am/75063.html?fbclid=IwAR1p_wP2UJFGwLAZ6zpVQCm0Jrs8m7xDxhmvc98DUS2KMHy7Pad5TGEg1Kk]կայքում[/url]։