77922 դիտում
23:28 19-04-2020
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար՝ Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ներսես Խանոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Վիրավորին էլ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+