Ժամանակավորապես դադարեցվել է 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը․ Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը։
Այս մասին այսր՝ ապրիլի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Հավելեց, որ 9-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։ Այս միջոցառման վերաբերյալ որոշումը կկայացվի 3-5 օրվա ընթացքում, քանի որ բազաները մեծ են, համադրման կարիք կա։ Այն իրականացվում է դիմումների հիման վրա։
«Պետք է մուտք գործել և գրանցվել ssa.am կայքում։ 9-րդ միջոցառման համակարգն այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ դիմումների հոսքը բավականին մեծ էր։ Սա արվել է սխալներ թույլ չտալու համար, որպեսզի ավտոմատ կերպով դիմումները չմերժվեն, որոշ ժամանակ անց համակարգը կրկին կգործի»,- ասաց նախարարը։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։