211652_close_icon

Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները. նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում

views-count942 դիտում article-date 17:41 13-04-2020
Մեկուսացված վիճակում են հայտնվել մարզիկները։ Նրանք գտնվում են առավել խոցելի պայմաններում։ Հասկանալի է, որ հնարավոր չէ իրականացնել բնականոն մարզումային գործունեություն և կանգնած են մարզավիճակը կորցնելու վտանգի առաջ։ Կորոնավիրուսը մարզիկներին դրել է դժվարին հոգեբանական վիճակում և հնարավոր է, որ նրանց մի մասը հայտնվի ընկճախտի մեջ։ Ոչ բոլորը կկարողանան հաղթահարել դա, որի հետևանքով կխաթարվի նրանց մարզական կենսագրությունը։ Ավելի դժվար է լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկների համար, որովհետև խոցելի է նրանց իմունիտետը։ Վտանգներից խուսափելու համար կուզեի հետևյալն ասել։ Անհրաժեշտ է տնային պայմաններում շարունակել մարզումները՝ պահպանելով նախկին ռեժիմը և հաճախականությունը։ Ամենօրյա կապ հաստատել մարզչի, թիմի բժշկի և եթե հնարավոր է՝ հոգեբանի հետ։ Ամեն մարզիկ պիտի ունենա իր օրագիրը։ Այնտեղ անհրաժեշտ է նշել առավոտյան հանգստի վիճակի պուլսը / սրտի բաբախումների հաճախականությունը /, անձնական քաշը, մարզումների ժամերը, կատարված վարժությունները, դրանց քանակն ու հաճախականությունը։ Պարապմունքները պետք է հաջորդաբար ընդգրկեն նախավարժանք / ցատկեր, կքանիստեր, արագ վազքեր՝ մուտքի աստիճաններով, հավասարակշռության և ուժային վարժություններ, ձգումներ / ։ Ձգումներն անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթականությամբ․ ստատիկ, դինամիկ և պայթուցիկ / բալիստիկ / շարժումներով։ Մարզման ամենամեծ բեռնվածության պահին կրկին հաշվել պուլսը, որը պիտի կազմի ոչ պակաս քան 160 - 180 բաբախում / րոպե։ Վերջում կատարել ցածր բեռնվածության թուլացնող վարժանք։ Ավարտից հետո ընդունել տաք և սառը ցնցուղ, ինչը կոփում և զարգացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Օրագրում նշել օրվա մարզման հետ կապված սեփական մտքերը, թերությունները և հաջորդ օրվա անելիքը։ Պահպանել հեղուկների ընդունման ռեժիմը / օրը՝ 2-3 լիտր ջուր / ։ Ամեն օրվա մարզման համար խորհուրդ է տրվում պատրաստել էներգետիկ հեղուկային խառնուրդ / կոկտեյլ / ՝ 300 մլ խնձորի կամ խաղողի հյութի մեջ լուծել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ մեղր և 2-3 լորի հավկիթ։ Կոկտեյլի կեսը խմել մարզումից մեկ ժամ առաջ, մյուս կեսը՝ ավարտելուց կես ժամ հետո։ Դա նպաստում է ուժերի արագ վերականգնմանը։ Ցանկանում եմ առողջություն, բարձր տրամադրություն, անհրաժեշտ մարզավիճակ և հաղթանակներ։ Սպորտային բժիշկ՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյան

Նմանատիպ նյութեր