211652_close_icon
views-count2797 դիտում article-date 14:20 22-05-2017

Դուք կարող եք շատ բան անել՝ անգամ մեկուսացված պայմաններում. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Թոմ Քաթինա

Իմ նպատակն է Հյուսիսային Աֆրիկայի օրինակով ձեզ ցույց տալ, թե ինչպիսին է կյանքը հիվանդանոցներում պատերազմի ժամանակ: Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճում այսօր կազմակերպված բաց դասախասությունն այսպես սկսեց «Ավրորա» մրցանակի 2017թ. հավակնորդ, վիրաբույժը՝ Թոմ Քաթինան: «Ես ցանկանում եմ քաջալերել Ձեզ, որ դուք կարող եք շատ բան անել՝ անգամ մեկուսացված, սահմանափակ հնարավորությունների պայմաններում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ չնայած կարճատև դասախոսությանը, կկարողանա իր ցանկությունն իրականացնել: Ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի Նուբա լեռներում Գիդել քաղաքի և շրջակա 750.000 բնակիչներին սպասարկող միակ վիրաբույժն է: Այս շրջանը հակամարտության գոտում է: Սուդանի հարավի և հյուսիսի միջև բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին Թոմն անթիվ մարդկանց կյանքեր է փրկել «Գթության մայր» հիվանդանոցում, որն այդ շրջանում միակ գործող հիվանդանոցն է։ Թոմ Քաթինային տեղացիները կոչում են «Դոկտոր Թոմ»: Պատերազմի ժամանակ, ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռևս խաղաղ ժամանակներում։ Պատերազմի սկզբում Թոմ Քաթինային առաջարկում են հեռանալ երկրից, բայց բժիշկը մնում է. «Երբեք չեմ ափսոսացել այդ որոշմանս համար»:- ասում է Թոմ Քաթինան,- «Չէի կարող ուղղակի վերցնել ու լքել մարդկանց, որոնց բախտի բերմամբ սկսել էի ճանաչել: Այդ ժամանակ նրանք իմ աջակցության կարիքն ունեին։ Ամենակարևորն այստեղ մարդիկ են: Այն, ինչ նրանք անում են, չի դադարում ինձ հիացնել»։ Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ այսօր Թոմ Քաթինային շնորհվեց համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում: Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչումը շնորհելիս նկատեց, որ դահլիճում հավաքվածների մեծ մասը մոտ ապագայում զբաղվելու են բժշկությամբ, և Թոմ Քաթինայի բացառիկ օրինակը և դասախոսությունը ուսուցողական և ոգեշնչող կդառնա նրանց համար:

Նմանատիպ նյութեր