2683 դիտում
14:26 11-04-2020
ԿԳՄՍ-ն ներկայարցրել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հեռավար ուսուցման արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պարզաբանումներ և կանոններ.
Հեռավար պայմաններում ուսումնական գործընթացը և դասարանի հետ աշխատանքը չեն կարող կազմակերպվել դեմ առ դեմ աշխատանքի նման՝ 30, 40 րոպեով կամ այլ կերպ՝ առցանց համաժամանակյա դասեր իրականացնելու եղանակով։ Այս եղանակը առաջ է բերում ուսուցիչների, աշակերտների, իսկ կրտսեր դասարանների դեպքում՝ նաև ծնողների ֆիզիկական հոգնածություն։ Ավելին, գործընթացը դադարում է լինել բովանդակային և արդյունավետ՝ դառնալով առավելապես մեխանիկական: Առաջարկում ենք առաջնորդվել հետևյալ պարզ կանոններով.
Ուսուցիչը կարող է պլանավորել իր աշխատանքը ոչ թե օրական, այլ շաբաթական կտրվածքով։
Շաբաթվա մեկ օրը՝ սկզբում, ուսուցիչը աշակերտներին կարող է տրամադրել շաբաթվա թեմային վերաբերող ուսումնական նյութը, տարբեր հղումներ, լրացուցիչ նյութերի հղումները, դասագրքի համապատասխան նյութը։ Ապա, հանձնարարել ուսումնասիրել այդ նյութը, դուրս գրել անհասկանալի հատվածները, առաջացած հարցերը և ուղարկել ուսուցչին՝ առավել հասանելի որևէ հարթակով: Սրա համար կարող է տրվել մեկից մի քանի օր՝ կախված շաբաթվա թեմայի ծավալից՝ ըստ ուսուցչի պլանավորման` հաշվի առնելով ուսումնական պլանով նախատեսված նյութի ամբողջ ծավալը։
Այնուհետև, ուսուցիչը կարող է նշանակել առցանց միաժամանակյա հանդիպման օր։ Այդ հանդիպման ժամանակ կպարզաբանվեն աշակերտների հարցերը, ուսուցիչը կտա սպառիչ պատասխաններ և հանձնարարականներ մինչև շաբաթվա վերջ կատարելու համար:
Ուսուցիչը կարող է նշանակել հանձնարարությունները ստուգելու համար առցանց համաժամանակյա հանդիպման օր և ժամ։ Այդ ժամին խմբային աշխատանքի եղանակով ուսուցիչը կստուգի, թե որքանով են երեխաները յուրացրել թեման։
Եթե դասարանում աշակերտների թիվը մեծ է, ուսուցիչը կարող է հանձնարարությունը ստուգելու համար նախատեսված համաժամանակյա հանդիպումը կազմակերպել խմբերով։
Նշված ձևով ուսուցման կազմակերպումը հնարավորություն կտա խնայել ֆիզիկական և տեխնիկական ռեսուրսները, երեխաները և ուսուցիչները ստիպված չեն լինի երկար ժամանակ անցկացնել համակարգչի առջև։
Ավելին, համակարգչային սարքավորումներ և ինտերնետային կապ չունենալու պարագայում այս գործընթացը կարող է իրականացվել օգտագործելով հեռուստատեսությամբ հասանելի ուսումնական դասերը, դասագրքերը, այլ հասանելի նյութեր, ուսուցչի հետ կարելի է կապվել հեռախոսով:
Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am:
Իրականացնե՞լ աշակերտների հաշվառում, թե՞ ոչ
Հեռավար ուսուցման գործընթացին աշակերտի մասնակցության նշումը կարևոր է միայն այն առումով, որ պարզ լինի, թե ո՞ր աշակերտները չունեն հնարավորություն մասնակցել գործընթացին, հետևաբար, նրանց համար առաջանալու է այդ նյութը հետագայում լրացնելու կարիք: Առաջարկում ենք խուսափել որևէ այլ նպատակով աշակերտի մասնակցության ամրագրումից: Միևնույն ժամանակ, այն աշակերտները, որոնք տեխնիկապես ունեն հնարավորություն մասնակցելու հեռավար ուսուցման գործընթացին, կարևոր է, որ բաց չթողնեն դասերը՝ հետագայում ստիպված չլինելով լրացնել դրանք։
Ինչպես իրականացնել գնահատումը
Առաջարկում ենք ձեռնպահ մնալ պարտադիր թեմատիկ գրավոր աշխատանքներ իրականացնելու պահանջից, ինչը կրթության կազմակերպման նմանատիպ մեթոդների ժամանակ արդյունավետ չէ և հանգեցնում է լրացուցիչ բարդությունների: Առաջարկում ենք աշակերտների գնահատման ընթացքում հաշվի առնել հեռավար ուսուցման յուրահատկությունները և գնահատումն իրականացնելիս առավելապես առաջնորդվել աշակերտի` թեմայի յուրացման մակարդակով: Երկրորդ կիսամյակի, տարեկան գնահատականների ձևավորման, ինչպես նաև գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ինչպես վարվել այն առարկաների կամ թեմաների պարագայում, որոնց ուսուցումը հնարավոր չէ կազմակերպել հեռավար եղանակով
Այն թեմաները, որոնք ուսուցչի գնահատմամբ հնարավոր չէ արդյունավետ մատուցել առցանց, կարող են չներառվել հեռավար ուսուցման գործընթացում, դրանք հարկավոր է հաշվառվել հետագայում լրացնելու համար: Առաջարկում ենք նաև նշված թեմաների և առարկաների ուսուցումը հեռավար եղանակով կազմակերպել հնարավորինս իրավիճակին համարժեք, օրինակ, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը առավելապես ուղղորդել դեպի տան պայմաններում կատարման համար հնարավոր վարժությունների ներկայացումը, աշակերտների՝ արտակարգ դրության պայմաններում առողջ ապրելակերպի կազմակերպումը և այլն: Բացի այդ, հորդորում ենք զերծ մնալ երեխաների՝ տարբեր գործողությունների և վարժությունների իրականացման տեսանկարահանումների և դրանք ուսուցչին ուղարկելու պահանջներից:
Էլեկտրոնային մատյանի լրացման անհրաժեշտությունը
Էլեկտրոնային մատյանի լրացման նպատակը հեռավար ուսուցման ծավալների ու ըստ այդմ դասերի լրացման անհրաժեշտության գնահատումն է, ոչ թե ուսուցիչների վերահսկողությունը: Էլեկտրոնային մատյանը հեռավար ուսուցման գործընթացում ներդրվել է նաև որպես ուսուցիչների համար կարևոր աշխատանքային գործիք, որտեղ կգրանցվեն արված դասերն ու տրված հանձնարարությունները: Հետագայում այս շրջանի համար էլեկտրոնային մատյանում արված գրանցումները թղթային մատյաններ փոխանցելու կարիք չի լինելու: Էլեկտրոնային մատյանի վրա այս շրջանում ուսուցիչների կատարած աշխատանքը կօգնի կատարելագործել համակարգը՝ հետագայում ամբողջությամբ անցնելով դրան և աստիճանաբար հրաժարվելով թղթային մատյանները լրացնելուց», – ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ու նշվում է, որ պարզաբանումները և կանոնները ներկայացվում են ամփոփելով արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման շուրջ մեկ ամիսը, անդրադառնալով այս ընթացքում ուսուցիչների, ծնողների, տնօրենների, աշակերտների բարձրացրած տարբեր հարցերին: Նպատակն է՝ հավասարակշռել ուսուցիչների և աշակերտների ծանրաբեռնվածությունը, ամրապնդել երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը, մեծացնել սովորողների գիտելիքների յուրացման մակարդակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
16:38 09-07-2020
Դպրոցներում հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ անցկացվել է առցանց հարցում
2818 դիտում
22:53 29-01-2022
Հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍ փոխնախարար
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը