791 դիտում
18:40 08-04-2020
Այսօրվա ճգնաժամն իր տեսակով ավելի շատ նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի. Երվանդ Բոզոյան
[b]Մտորումներ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին. մաս 1-ին[/b]
Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև ողջ աշխարհը կանգնած է առողջապահական անսովոր մի արհավիրքի և դրանից բխող տնտեսական ու սոցիալական լուրջ ցնցումների առջև: Ցնցումներ, որ չի կարելի անվանել շարքային ռեցեսիա, որը համեմատելի կլիներ 2008-2009 թվականների ճգնաժամին: Ավելին, այս ճգնաժամը համեմատելի չէ նույնիսկ 1929-33 թվականների ճգնամին: Քանզի այն ժամանակ տնտեսական ճգնաժամն օբյեկտիվ ցիկլիկ բնույթ ուներ, և հասկանալի էր, թե երբ էր ավարտվելու: Այսօր տնտեսական և սոցիալական խնդիրների հետ զուգահեռ ի հայտ են եկել մարդկությանը ոչ հայտնի առողջապահական անվտանգության խնդիրներ:
Հնարավո՞ր էր արդյոք պատկերացնել, որ 21-րդ դարում մարդն իր տնից դուրս գալու համար, որպեսզի հաց գնի խանութից, պետք է տեղեկանք ունենա իր մոտ: Այդպիսի երևույթ չի եղել ոչ 2008-ին, ոչ էլ նույնիսկ 1929 թվականին:
Այսօրվա ճգնաժամն իր տեսակով ավելի շատ նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ սակայն չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք: Այս պատերազմը ներխուժել է մեր բնակարաններ, պարտադրել, որ մենք փոխենք մեր ողջ պատկերացումները և ավանդական վարվելակերպը, մեր սոցիալական շփումների ձևերն ու հիգիենայի կանոնները:
Ավելին, մենք դեռ չգիտենք, թե իրականում ինչքան է տևելու այս ինքնամեկուսացման գործընթացը: Չգիտենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս վարակը և ինչ տոկոս է կազմում դրա հետևանքով մահացածության աստիճանը:
Բոլոր հաշվարկներն այս խնդրի հետ կապված այսօր կրում են խիստ պայմանական բնույթ:
Եվ քանի որ այդպես է, ապա հնարավոր չէ գնահատել նաև այս առողջապահական արհավիրքի տնտեսական և սոցիալական իրական հետևանքները:
Բերենք ընդամենը մեկ փաստ: Այսօր, աշխարհի տնտեսության մոտ 75 տոկոսը կանգ է առել: Աշխատուժի ավելի քան 80 տոկոսը դադարեցրել է իր գործունեությունը: Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի, եթե այս իրավիճակը շարունակվի ևս մեկ-երկու ամիս:
Ըստ նախնական գնահատականների, միայն սոված մարդկանց թիվը աշխարհում 80 մլն-ից կարող է աճել ուղիղ երկու անգամ, եթե այս իրավիճակը տևի ևս մեկ ամիս: Իսկ դրանից բխող նոր հիվանդությունների ի հայտ գալու ցուցանիշները ոչ ոք չի կարող նույնիսկ մոտավոր գնահատել:
Բոլոր այն խոսակցությունները, թե իբր համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կհայտնվի սովորական ռեցեսիայի մեջ, խիստ հարաբերական և ոչ իրական են: Քանզի ոչ ոք չգիտի, թե երբ է ավարտվելու այս վարակի տարածումը և ինչ սցենարներ են գործելու տնտեսական հարաբերություններում:
Սակայն, քանի որ առանց որևէ պլանավորման հնարավոր չէ նույնիսկ մոտավոր սցենարներով հանդես գալ, ուստի մենք էլ փորձենք մոդելավորել ներկան ու ապագան:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս վիրուսը և ինչով է այն ավելի վտանգավոր մյուս վիրուսներից
Առողջապահական շատ փորձագետներ, մասնագետներ, գիտնականներ նշում են, որ իր ախտանիշներով այս վիրուսը շատ չի տարբերվում մնացածներից, որոնք մարդկանց վարակում են տարբեր տեսակի գրիպներով:
Ավելին, ամեն տարի բոլոր տեսակի գիրպներով աշխարհում հիվանդանում է մոտ 5 մլն մարդ: Այսինքն գրիպով տարեկան հիվանդանում է մարդկության մոտ 0,065 տոկոսը: Դրանից մահանում է տարեկան մոտ 500 000 մարդ: Այսինքն, միջինը այդ վարակներից մահանում է մարդկանց մոտ 10 տոկոսը: Իհարկե, սովորական գրիպից մահացածության թիվը չի գերազանցում մոտ 0,01 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ մինչև այսօր մարդիկ հիմնականում հիվանդանում են սուր վարակիչ հիվանդություններով:
Դրանցից են՝ ատիպիկ երկկողմանի թոքաբորբը, «թռչնի գիրպը», «խոզի գրիպը», այսպես կոչված «հոնկոնգյան» գրիպը և այլն:
Սակայն այդ հիվանդություններից ոչ ոք համաշխարհային պանդեմիայի չի վերածվել: Թեև, վարակի և վտանգավորության չափերով, այդ հիվանդությունները մի քանի անգամ ավելի վտանգավոր են եղել, քան այսօրվա կորոնավիրուսը:
Օրինակ, մեզ շատ հայտնի «թռչնի գրիպով» 2003-ից մինչև 2009 թվականները աշխարհում հիվանդացել է ընդամենը 442 մարդ, մահացել է կեսից ավելին՝ 262-ը:
Ատիպիկ թոքաբորբով աշխարհում հիվանդացել է 8096 մարդ, որից մահացել է 774-ը: Ամենաշատը, աշխարհում հիվանդացել են վերջին տարիներին, այսպես կոչված, «խոզի գրիպ»-ից`A/H1N1/: Ըստ ԱՀԿ տվյալների, 2009-ին՝ մեկ տարվա ընթացքում, աշխարհում վարակվել է մոտ 440 000 մարդ, մահացել է 5850-ը: Այսինքն մահացածության տոկոսը կազմել է մոտ 0,013:
Այսպիսով եթե ամփոփենք, ապա տեսանելի կլինի, որ ամենավտանգավորը «թռչնի գիրպն» էր, որի մահացածությունը գերազանցում էր 50 տոկոսը: Սակայն այս վարակը խիստ սահմանափակ բնույթ ուներ և չէր վտանգում մարդկությանը: Ատիպիկ թոքաբորբի մահացածությունը կազմել էր մոտ 1 տոկոսի չափ, սակայն դա էլ սուր վարակիչ բնույթ չուներ: «Խոզի գրիպն» ամենաշատն էր տարածվել, սակայն նրա մահացածության տոկոսը սովորական գրիպից պրակտիկորեն չէր տարբերվում:
Այս վարակները կորոնավիրուսի հետ համեմատելով՝ կարող ենք նշել հետևյալը․
Առաջին
Այս կորոնավիրուսի մահացածության ցուցանիշը զգալիորեն մեծ է, քան «խոզի գրիպի» և նույնիսկ ատիպիկ գրիպի ցուցանիշներից: Եվ միաժամանակ իր վարակի տարածման արագության ցուցանիշով գերազանցում է վերը նշվածներից մի քանի անգամ:
Երկրորդ
Կորոնավիրուսի դեմ վակցինա դեռ գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ այն կարող է տարածվել նույնիսկ վիրուսների համար ոչ սեզոնային ժամանակահատվածում նույնպես:
Հենց այս երկու գործոնները իրար հետ լրջագույն վտանգի տակ են դնում մարդկությանը: Քանզի, եթե այս վիրուսի տարածման արագության աստիճանը մի քանի անգամ գերազանցում է ավանդական գրիպներից և նրա դեմ վակցինա գոյություն չունի, ապա այս վիրուսով հիվանդների կտրուկ աճի պատճառով համաշխարհային առողջապահական համակարգը կարող է կազմալուծվել: Դրա արդյունքում այս վարակի մահացածության ցուցանիշը կարող է շատ ավելի մեծ լինել, քան 1 տոկոսն է: Ավելին, եթե այս վարակի տարածումն ընթանա երկրաչափական պրոգրեսիայով, ապա նրա մահացածության ցուցանիշը նույնպես կարող է մեծանալ նույն երկրաչափական պրոգրեսիայի եղանակով: Իհարկե, տարբեր երկրներում այդ ցուցանիշները կարող են տարբերվել, կախված նրանից, թե որ երկրում երբ կկազմալուծվի իրենց առողջապահական համակարգը:
Տեսական իմաստով, եթե մարդկությունը ոչ մի միջոցի չդիմեր, ապա այս վիրուսի տարածումը կարող էր տևել մինչև 1,5 տարի և որի արդյունքում կվարակվեր մարդկության մոտ կեսը, այսինքն՝ մոտ 3,5-4 մլրդ մարդ: Այդ ժամանակ մարդկությունը ձեռք կբերեր, այսպես կոչված, «հոտային իմունիտետ» և վիրուսի խնդիրը կլուծվեր բնական ճանապարհով: Այդ 3,5-4 մլրդի մոտ 10 տոկոսը կհայտնվեր ծանր վիճակում, երբ կպահանջվեին թոքերի աշխատանքների համար արհեստական շնչառական սարքավորումներ: Վերջիններիս ակնհայտ պակասի պատճառով կարող էր մահանալ ծանր վիճակում հայտնվածների կեսը, այսինքն՝ մոտ 200 մլն մարդ:
Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, երբ սկսվեց համաշխարհային պանդեմիա, «իսպանկա» կոչվող վարակով հիվանդացավ մոտ 500 մլն մարդ: Նրանց մոտ 10 տոկոսը մահացավ անհրաժեշտ սարքավորումների պակասի պատճառով:
Եթե այս թվերը ինտերպոլյացիա կատարենք Հայաստանի վրա, ապա այդ պարագայում, 1,5 տարվա ընթացքում կարող էր վարակվել մեր բնակչության կեսը, այսինքն՝ մոտ 1,5 մլն մարդ: Որից 150 000 հազարը կհայտնվեր ծանր վիճակում, իսկ մահացածության աստիճանն էլ կլիներ 75 000 ավելի շատ, քանզի մեր առողջապահական համակարգը, մեղմ ասած, տարբերվում է Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և նույնիսկ Ռուսաստանի համակարգերից:
Այս թվերի կանխագուշակումը հաշվի առնելով է, որ ԱՀԿ-ը հնչեցրել է ահազանգը, որտեղ բոլոր երկրները սկսել են պայքարել այս աներևակայելի աստիճան վտանգավոր արհավիրքի դեմ:
Շարունակելի․․․
Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ [url=http://politeconomy.org/2020/04/08/%d5%b4%d5%bf%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab-%d5%be%d5%a5/]politeconomy.org[/url]
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
10:39 05-04-2017
Այնպես չէ, որ ճգնաժամն ինչ-որ անթրաշ լյումպենների շրջանում է. ճգնաժամն ամենուր է. «Առավոտ»
13652 դիտում
22:12 27-08-2019
Գագիկ Խաչատրյանի դեմ մեղադրանք ներկայացնելը հասարակությանն Ամուլսարի թեմայից շեղելու համար է. Երվանդ Բոզոյան. Tert.am
Այս բաժնից
682 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
736 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
706 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ