211652_close_icon
views-count672 դիտում article-date 15:51 02-04-2020

Բանակում նոր կարգով սնունդ մատուցող կազմակերպություններին կանխավճար կտրվի. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բանակում նոր կարգով սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճար հատկացնել այդ ծառայությունն ապահովող կազմակերպություններին: Ըստ նախագծի՝ կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10%-ի չափով նվազեցնելու միջոցով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նախագծի մասին, կարևորեց Զինված ուժերում զինվորների սննդի ապահովման նոր համակարգի ներդրումը, ինչը, նրա խոսքով, տեղավորվում է իրենց քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ: Վարչապետի խոսքով՝ ծնողը տղային բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան: «Այն զորամասերում, որտեղ այդ համակարգը ներդրված է, սննդի որակի էական անգամներով փոփոխություն ունենք: Բայց ես ուզում եմ ասել, որ երբ սկզբնական շրջանում այս նախագծի ներդրման նպատակահարմությունն էինք քննարկում, բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի, կանխատեսելի չեն»,- ասաց նա և նշեց, որ 0-ից համակարգ պետք է ստեղծեին: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ վերջին ամսվա ընթացքում չորս քննարկում են ունեցել: «Այս ամենի նպատակը՝ մեկն է, զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով և քանի որ ընկերությունները այս ընթացքում ներդրումներ են արել և դրանք չեն փոխհատուցվել, ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը բամզակողմանի քննարկումների արդյունք է: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կորոնավիրուսային իարվիճակը 5-6 այսպիսի կազմակերպության համար ծանր պայմաններ է ստեղծել է իրենց գործունեության հետ կապված:

Նմանատիպ նյութեր