211652_close_icon
views-count4369 դիտում article-date 13:51 31-03-2020

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է արցախում անցկացվող ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ հարցն ու Արցախի Հանրապետության արտգործնախարարության պատասխանը․ [b]Հարց[/b]․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ [b]Պատասխան[/b]․ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակն է: Այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում է Ադրբեջանի տեսակետի հետ: Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Անկարայի մոտեցումներն ակնհայտ կերպով հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը, որոնք միջազգային հանրության կողմից օժտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատով։ Արցախի Հանրապետությունում 2012 և 2015 թվականների ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունում են «անհրաժեշտությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները ձգտում են ժողովրդավարական ընթացակարգերով կազմակերպել իրենց ժողովրդի հանրային կյանքը», ինչպես նաև ճանաչել են «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագան որոշելու հարցում»: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության բացարձակ աննպատակահարմարությունը:

Նմանատիպ նյութեր