«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գործում է հոգեբանական ծառայություն
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մարտի 16-ից կազմավորվել և գործում է հոգեբանական ծառայություն: Այս մասին հիվանդանոցը տեղեկություն է հրապարակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:
«Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին, նրանց հարազատներին և բուժանձնակազմին: Հոգեբանական ծառայություն մասնագետները իրականացնելու են իրենց ծառայությունը ընդունարանում և բաժանմունքներում: Գործում է նաև շուրջօրյա առցանց, հեռախոսային հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հոգեբանների կողմից, որի համար կարող եք զանգահարել` +37433340110, +37491042914 (WhatsApp, Viber) հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել: Որոշումը կայացվել է գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:
Հայաստանում վերջին տվյալների համաձայն արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 84 է: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և երևանյան արտադրամասի ուղղություններն են: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: