5736 դիտում
22:30 11-03-2020
Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել. Ալեքսեյ Միլլեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատներից մեկի՝ DataArt Solutions ընկերության ներկայացուցիչներին՝ Գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերին, Ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանին, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ և բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովին, ինչպես նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին, մատնանշել այն շոշափելի արդյունքը, որը գրանցել է ընկերությունը Հայաստանում մեկ տարվա ընթացքում, իրագործված նախագծերն ու ներդրումները, ստեղծված տասնյակ աշխատատեղերը և հայ մասնագետների տաղանդների շնորհիվ ընկերության իրագործած խորքային զարգացման ծրագրերը։ Նախարարը ողջունել է ընկերության՝ գործունեությունը Հայաստանում զարգացնելու, ընդլանելու, խորացնելու, գործնական հարաբերություններն ընդլայնելու հեռանկարային ռազմավարությունը։
«Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել»,- ասել է DataArt Solutions-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, շնորհակալություն հայտնել ընդունելության համար, նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայ մասնագետներով, ընդգծել, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկն է բիզնեսի տեսանկյունից` գրանցումից մինչև բուն գործունեություն ծավալելը։
Նրա խոսքով՝ սպասվածից ավելի արագ աճ ունեցան այստեղ և հաշվի առնելով մեկնարկային տեմպերն ու հայ ինժեներների մասնագիտական ունակությունները՝ համոզված են, որ յուրաքանչյուր տարի առավել մեծ արդյունքներ կգրանցվեն։
Կողմերը անդրադարձել են նաև ֆինանսական ոլորտում տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը, այդ ուղղությամբ գործակցության հեռանկարներին։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում ոլորտը բավական զարգացած է, բայց դեռ կան բազմաթիվ ուղղություններ, որոնցում կարելի է նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնել։ Խոսվել է նաև արևելյան երկրներում համատեղ գործակցության հնարավորությունների մասին, կոնկրետ առաջարկների մասին, որոնք հնարավոր է համատեղել DataArt Solutions-ի ծրագրերի հետ։
Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ հատկապես ԱՄՆ-ում, որտեղ իրենց հիմնական գործունեությունն է իրականացվում, առկա է մեծ հետաքրքրություն և պահանջարկ հայ մասնագետների նկատմամբ, ինչպես նաև՝ Հայաստանում բիզնես սկսելու ցանկություն: Այստեղ, սակայն, շատերը չգիտեն, թե ինչպես հասնել հայկական տաղանդներին և DataArt Solutions-ը կարող է կամուրջ հանդիսանալ Հայաստանի և նման ընկերությունների միջև։
Ալեքսեյ Միլլերը Հակոբ Արշակյանին մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ այն 4 հիմնական ուղղություններով է իրականացվում՝ ֆինանսներ, մեդիա, առողջապահություն, զբոսաշրջային գործունեություն։ Ընկերության արտադրանքի 60%-ը շրջանառվում է ԱՄՆ-ում, 30%-ը Անգլիայում, շուրջ 10%-ը՝ Եվրոպայում։ Հիմա արդեն գրասենյակ են բացել Դուբայում՝ նպատակ ունենալով ներկայանալու և հաստատվելու նաև արևելյան շուկաներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ՝ կրթության ոլորտում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրի շրջանակներում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու և զարգացնելու գործակցությունը ներկայացված բոլոր ուղղություններով և հատկապես կրթության բնագավառում համատեղ ծրագրերի իրագործմամբ:
Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Երևանն ամենալավ վայրն է բազմաթիվ ծրագրերի խորքային զարգացման և իրագործման համար:
Նմանատիպ նյութեր
4125 դիտում
15:55 16-09-2022
Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին
Այս բաժնից
5335 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը