211652_close_icon
views-count3623 դիտում article-date 15:38 05-03-2020

«Երվերելակ» ընկերությունը վաճառքի է հանվում աճուրդով. մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 109,49 մլն դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երվերելակ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրը` ք. Երևան, Մասիսի նրբ. 13) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ, յուրաքանչույրը 4427 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել դասական աճուրդով: Որոշմամբ սահմանվեց, որ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը և մեկնարկային գինը 100 299,385 հազար դրամ է: Սահմանվեց, որ Ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 9 975,6 հազ.դրամ: Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: Նշենք, որ Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրում և սպասարկում: Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն և գլխավոր հաշվապահ ½ դրույքաչափով: «Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 3602.5 ք/մ, 207 գծամետր պարիսպ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա: Ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 14.06.2012թ. թիվ 746-Ա, 13.09.2013թ. թիվ 987-Ա և 30.03.2017թ. թիվ 324-Ա որոշումներով համապատասխանաբար 257 809 հազ. դրամ, 175 882 հազ. դրամ և 94 009 հազ.դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ընկերության պարտավորությունները 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 9 194,8 հազ. դրամ. այդ թվում՝ 1) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4 308,9 հազ. դրամ. 2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 3 394,0 հազ. դրամ. 3) այլ կրեդիտորական պարտքեր 1 491,9 հազ. դրամ: Նախագծով առաջարկվում է կրկին անգամ ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքը` 100 299 385 դրամ:

Նմանատիպ նյութեր