211652_close_icon
views-count4133 դիտում article-date 17:51 27-02-2020

ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը՝ սկանդալային իրավիճակի մասին

Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները ՀԸՖ-ի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝ միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին: Այդ հանդիպման ընթացքում չի խոսվել թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը: Որոշ ժամանակ անց, եղել է ևս մեկ հանդիպում՝ ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, Լևոն Ջուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանը չմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք: Ջուլֆալակյանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը: Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնեն հավաքականի մարզիչները, ոչ թե մենք: Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանի հավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին: Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել: Մրցաշարից 2.5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմ մարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ: Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենց փոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվություն կկրեն»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Նմանատիպ նյութեր